Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին առևտրային համաձայնագրի «լուրջ խախտման» մեջ և խոստացել է միջոցներ ձեռնարկել իր շահերը պաշտպանելու համար, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Չինաստանի առևտրի նախարարությանը։
Նախարարությունը հայտարարել է, որ վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները «մի շարք խտրական և սահմանափակող միջոցառումներ» է ձեռնարկել, որոնք խաթարել են մայիսին Ժնևում կայացած հանդիպումներում ձեռք բերված կոնսենսուսը։ Այդ ժամանակ կողմերը համաձայնության էին եկել, որ Վաշինգտոնը կնվազեցնի չինական ապրանքների մաքսատուրքերը 145%-ից մինչև 30%, իսկ Պեկինը 90 օրով կնվազեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 125%-ից մինչև 10%։
Պեկինի գործողությունների թվում էին արհեստական բանականության չիպերի արտահանման կանոնների խստացումը, չինական ընկերություններին չիպերի նախագծման ծրագրային ապահովման վաճառքի դադարեցումը և չինացի ուսանողների համար վիզաների չեղարկումը։
«Եթե ԱՄՆ-ն շարունակի այսպես գործել և վնասել Չինաստանի շահերին, Չինաստանը վճռական միջոցներ կձեռնարկի իր օրինական իրավունքները պաշտպանելու համար», — ընդգծել է Առևտրի նախարարությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրանքներ էր հնչեցրել Պեկինի դեմ՝ առանց նշելու, թե կոնկրետ ինչ խախտումներ են եղել։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամերիկյան մաքսատուրքերի պատճառով Չինաստանը «հայտնվել է լուրջ տնտեսական վտանգի տակ», և Պեկինին «փրկելու» համար արագ գործարք է կնքվել։ Սակայն, Ժնևի համաձայնագրերից հետո, երբ իրավիճակը կայունացել է, չինական կողմը վերադարձել է «սովորական գործունեությանը», պնդում է նա։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նույնպես ասել է, որ առևտրային պատերազմում ժամանակավոր զինադադարից հետո Չինաստանի հետ բանակցությունները «մի փոքր փակուղի են մտել», որի լուծման համար անհրաժեշտ է Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի անմիջական մասնակցությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում