Հասույթի ծավալը, աշխատողների քանակը, կապիտալիզացիան. Որո՞նք են աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում սկսվել է ուղևորափոխադրումների ակտիվ շրջանը։ Այս ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվում հատկապես ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները, որոնց պատշաճ աշխատանքն էական ազդեցություն կարող է ունենալ հանգստի կազմակերպման ողջ ընթացքի վրա։

Աշխարհում գործում են բազմաթիվ խոշոր ավիաընկերություններ, որոնց գործունեությունը նկարագրվում է մի շարք տնտեսական ցուցանիշներով` շուկայական կապիտալիզացիայի մակարդակը, աշխատողների թվաքանակը  և հասույթի ծավալները։

Ուսումնասիրենք 2025թ․ մայիս ամսվա դրությամբ առկա տվյալները․ 

Վիճակագրական տվյալները փաստում են,  որ կապիտալիզացիայի մակարդակով առաջատար դիրքեր են զբաղեցնում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են առաջին հորիզոնականը զբաղեցրած  Delta Air Lines ամերիկյան ընկերությունը, որի կապիտալիզացիայի մակարդակը կազմում է մոտ $32 մլրդ։

Երկրորդ հորիզոնականում է գտնվում Ryanair իռլանդական ընկերությունը` կապիտալիազցիայի  մոտ $30 մլրդ մակարդակով։

Երրորդ տեղը կապիտալիզացիայի մակարդակով United Airlines Holdings֊ն է` մոտ $26 մլրդ։

Կապիտալիզացիայի $10 մլրդ և ավելի բարձր ցուցանիշներ արձանագրած թոփ ավիաընկերությունների ցուցակը եզրափակում է Qantas Airways֊ը, որի կապիտալիզացիան կազմել է մոտ $10 մլրդ։

Հայաստանում մեծ համբավ է վայելում Wizz Air հունգարական ընկերությունը, որի կապիտալիզացիան կազմում է ընդամենը $2․2 մլրդ։

Կարևոր նշանակություն ունի ավիաընկերությունների հասույթի ցուցանիշը։ Վերջինիս մասով առաջատար դիրքեր է գրավում Delta Air Lines ավիաընկերությունը, որի հասույթի ծավալը 2024թ․ կազմել է մոտ $62 մլրդ։

Երկրորդ հորիզոնականում է United Airlines Holdings ավիաընկերությունն է` հասույթի մոտ $58 մլրդ ցուցանիշով։ 

Հաջորդիվ American Airlines-ն է, որի հասույթը կազմել է $54 մլրդ։

Այս 21 ավիաընկերությունների թոփ ցուցակը եզրափակում է  Japan Airlines-ը` $11 մլրդ հասույթով։

Հայերի շրջանում մեծ համբավ վայելող Wizz Air ավիաընկերության հասույթը կազմել է $5․6 մլրդ։

Եվ վերջում անդրադառնանք այն ավիաընկերություններին, որոնք ունեն մեծ թվով աշխատակիցներ։ Աշխատողների թվաքանակով առաջին հորիզոնականում է American Airlines ավիաընկերությունը, որն ունի 134,200 աշխատակից։

Երկրորդ տեղում է United Airlines Holdings ընկերությունը, որտեղ աշխատում է 106,500 մարդ։ Երրորդ հորիզոնականում է հայտնվել Delta Air Lines ավիաընկերությունը՝ իր 100,000 աշխատողներով։ Աշխատողների թվաքանակի առավելագույն մակարդակը արձանագրած ավիաընկերությունների ցուցակը եզրափակում  է ANA Holdings ճապոնական ավիաընկերությունը, որտեղ աշխատում է 41,225 մարդ։ Wizz Air -ում աշխատում է մոտ 8,000 մարդ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով