Apple-ը մեծ փոփոխություններ է կատարելու օպերացիոն համակարգերի համարակալման մեջ

1 Min Read

Apple-ը պլանավորում է մեծ փոփոխություններ կատարել իր օպերացիոն համակարգերի համարակալման մեջ, մայիսի 29-ին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Լրագրողների աղբյուրների համաձայն, Apple-ի հաջորդ օպերացիոն համակարգերը կանվանակոչվեն թողարկմանը հաջորդող տարվան համապատասխան, այլ ոչ թե տարբերակի համարին համապատասխան։ Այսինքն՝ iOS 18-ի ներկայիս տարբերակը կփոխարինվի iOS 26-ով, այլ ոչ թե iOS 19-ով, ինչպես նախկինում ենթադրվում էր։

Մյուս օպերացիոն համակարգերը կկոչվեն iPadOS 26, macOS 26, watchOS 26, tvOS 26 և visionOS 26։

Apple-ը որոշել է փոփոխություններ կատարել իր ապրանքանիշի հետևողականության, ինչպես նաև հաճախորդներին և մշակողներին շփոթեցնելուց խուսափելու համար։ Գործող օպերացիոն համակարգերն ունեն տարբեր համարներ՝ iOS 18, watchOS 12, macOS 15 և visionOS 2, քանի որ դրանց սկզբնական տարբերակները թողարկվել են տարբեր ժամանակներում։

Apple-ը, ինչպես սպասվում է, կհայտարարի փոփոխությունների մասին իր Համաշխարհային մշակողների համաժողովում հունիսի 9-ին։

Apple-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով