Արևմուտքը Ռուսաստանին վճարում է երեք անգամ ավելի, քան Ուկրաինան

2 Min Read

Ռուսաստանը շարունակում է միլիարդներ վաստակել Արևմուտք բրածո վառելիքի արտահանումից, և այդպիսով է ֆինանսավորում իր պատերազմը Ուկրաինայում, ըստ Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) տվյալների, որոնք վերլուծվել են BBC-ի կողմից։

Վերլուծաբանները հաշվարկել են, որ լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը ածխաջրածնային արտահանումից երեք անգամ ավելի շատ է վաստակել, քան Ուկրաինան ստացել է իր դաշնակիցներից օգնություն, մինչդեռ դաշնակիցներն իրենք Ռուսաստանին ավելի շատ են վճարել իր բրածո վառելիքի համար, քան Կիևին օգնություն են տրամադրել։

Նշվում է, որ նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտները ռուսական ռազմական մեքենային աջակցելու բանալին են։ Լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը բրածո վառելիքի արտահանումից ստացել է ավելի քան 883 միլիարդ եվրո (973 միլիարդ դոլար), այդ թվում՝ 228 միլիարդ եվրո այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են կիրառել նրա նկատմամբ։ Այս գումարի մեծ մասը՝ 209 միլիարդ եվրոն, ստացվել է ԵՄ երկրներից։

Չնայած 2025 թվականի հունվարին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմանը, այն շարունակում է հոսել դեպի Եվրոպա Թուրքիայի միջոցով՝ անընդհատ աճող ծավալներով։ CREA-ի տվյալներով՝ 2025 թվականի հունվար և փետրվար ամիսներին մատակարարումները 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 26.77%-ով։

2024 թվականին Ռուսաստանի եկամուտները հում նավթի արտահանումից աճել են 6%-ով, իսկ խողովակաշարային գազից՝ 9%-ով՝ նախորդ տարվա համեմատ։ Եվրոպա գազի արտահանումը 2024 թվականին աճել է 20%-ով, իսկ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի, և այժմ Ռուսաստանի ՀԲԳ արտահանման կեսը գնում է ԵՄ, նշում է CREA-ն։

Հոդվածում նշվում է, որ շատ եվրոպական երկրների կառավարություններ չեն ցանկանում իրականում սահմանափակել Ռուսաստանի նավթ արդյունահանելու և վաճառելու կարողությունը, քանի որ վախենում են համաշխարհային էներգետիկ շուկաների համար հետևանքներից, մասնավորապես՝ էներգակիրների գների բարձրացումից։ Սակայն, ակտիվիստների և փորձագետների կարծիքով, արևմտյան կառավարություններն ունեն գործիքներ և միջոցներ՝ նավթի և գազի եկամուտների հոսքը դեպի Ռուսաստան կանգնեցնելու համար։

BBC-ի կողմից հարցազրույց տված փորձագետները նաև կասկածանքով են վերաբերվում Դոնալդ Թրամփի այն հայտարարություններին, որ Ուկրաինայի հետ պատերազմը կավարտվի, եթե ՕՊԵԿ-ը իջեցնի նավթի գները։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով