Իլոն Մասկի հիմնած Neuralink ընկերությունը, որը մշակում է ուղեղ-համակարգիչ նեյրոինտերֆեյսներ, ներգրավել է 600 միլիոն դոլար ներդրում, երբ նրա գնահատականը նախապես կազմել է 9 միլիարդ դոլար, հայտնում է Semafor-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Վերջին շրջանում ընկերությանը հաջողվել է ուղեղի մեջ նեյրոչիպ տեղադրել երեք պացիենտի մոտ, ովքեր տառապում են կաթվածից կամ խոսքի խանգարումներից։ Վերջինը եղել է Արիզոնայի մի անձ՝ համր մարդ, որը տառապում է կողային ամիոտրոֆիկ սկլերոզով։ Անցած ամիս նա հրապարակել է տեսանյութ X սոցիալական ցանցում, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է կարողանում խոսել նեյրոիմպլանտի օգնությամբ։
Ապրիլի վերջին Bloomberg-ը հայտնել էր, որ Neuralink-ը ծրագրում է ներգրավել 500 միլիոն դոլար՝ 8,5 միլիարդ դոլար նախնական գնահատմամբ։ Ընկերության ղեկավար Ջարեդ Բիրխոլը, որը նաև ղեկավարում է Մասկի ներդրումային գրասենյակը, չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Չնայած նրան, որ Neuralink-ը համարվում է Մասկի բիզնես կայսրության համեմատաբար փոքր ակտիվներից մեկը, միլիարդատիրոջ ընդհանուր ակտիվների արժեքը վերջին չորս տարիներին զգալի աճ է ունեցել։
Օրինակ՝ SpaceX-ը 2024 թվականի օգոստոսին ներդրումներ է ներգրավել՝ գնահատվելով 180 միլիարդ դոլար, իսկ դեկտեմբերին արդեն երկրորդային շուկայում նրա արժեքը հասել է 350 միլիարդ դոլարի։ Մասկի վերջին խոշոր նախագիծը՝ xAI, գնահատվել է 80 միլիարդ դոլար, իսկ X հարթակի հետ միավորման արդյունքում ձևավորվել է համակցված կառուցվածք՝ 113 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով, նշում է հրատարակությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում