Telegram-ը և գործարար Էլոն Մասկի xAI-ն համաձայնության են եկել մեկ տարվա համագործակցության շուրջ։ Այս մասին հայտարարել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը։
«Այս ամառ Telegram-ի օգտատերերը հասանելիություն կունենան շուկայում առկա լավագույն արհեստական բանականության տեխնոլոգիային։ Էլոն Մասկի հետ համաձայնության ենք եկել մեկ տարվա համագործակցության շուրջ՝ xAI-ից Grok չաթբոտը մեր ավելի քան 1 միլիարդ օգտատերերի հասանելի դարձնելու և այն Telegram-ի բոլոր հավելվածներում ինտեգրելու համար», — գրել է նա Telegram ալիքում։
Telegram-ը կստանա 300 միլիոն դոլար և մեսենջերի միջոցով վաճառվող xAI բաժանորդագրություններից ստացված եկամտի 50%-ը։
XAI-ը հիմնադրվել է երկու տարի առաջ, և այս ընթացքում, ըստ Մասկի, ընկերությունը «արագորեն դարձել է աշխարհի առաջատար արհեստական բանականության լաբորատորիաներից մեկը՝ ստեղծելով մոդելներ և տվյալների կենտրոններ աննախադեպ արագությամբ և մասշտաբով»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում