Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը քննադատել է Միացյալ Նահանգների նախագահի՝ Դոնալդ Թրամփի առաջադրած բյուջեի հիմնական օրինագիծը՝ հայտարարելով, որ այն չեղարկում է կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ծախսերը կրճատելու ջանքերը։
CBS-ին տված հարցազրույցում Մասկը նշել է, որ հիասթափված է օրինագծում նախատեսված «մեծ ծախսերից, որոնք մեծացնում են ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը և խաթարում DOGE թիմի կատարած աշխատանքը»։
Անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 215 ձայնով «կողմ» և 214 «դեմ» ձայներով ընդունել է Թրամփի առաջարկած բյուջեի նախագիծը, որը նախատեսում է հարկերի նվազեցում և ծախսերի, այդ թվում՝ պաշտպանության, ավելացում։ Այժմ նախագիծը քննարկման փուլում է Սենատում։
Թրամփը օրինագիծն անվանել է «մեծ և հրաշալի», ինչպես նաև՝ «հնարավոր է՝ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենակարևորը»։ Միևնույն ժամանակ, նրան ստիպված է եղել համոզել մի քանի հանրապետականների Կոնգրեսում՝ աջակցելու բյուջեին, գրում է Financial Times-ը։
Նախաձեռնությունը քննադատության է արժանանում փորձագետների կողմից, որոնք պնդում են, որ անհրաժեշտ է կրճատել ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը, և Մասքը կիսում է այդ տեսակետը։
«Կարծում եմ, օրինագիծը կարող է լինել կամ մեծ, կամ հրաշալի։ Բայց վստահ չեմ, որ այն կարող է լինել և՛ մեկը, և՛ մյուսը միաժամանակ։ Սա իմ անձնական կարծիքն է», — ասել է Մասքը։
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության (CBO) գնահատմամբ, օրինագծի ընդունման դեպքում երկրի բյուջեի դեֆիցիտը առաջիկա 10 տարիներին կաճի 3.3 տրիլիոն դոլարով։
DOGE-ը՝ Մասկի ղեկավարությամբ, մինչ այժմ կարողացել է կրճատել պետական ծախսերը 175 միլիարդ դոլարով, ինչը զգալիորեն պակաս է ի սկզբանե միլիարդատիրոջ նշած 2 տրիլիոն դոլարի թիրախից։
Ապրիլին Մասքը հայտարարել էր, որ մայիսից կտրուկ կկրճատի իր աշխատանքային ժամանակը DOGE-ում, որպեսզի կենտրոնանա իր բիզնեսի վրա, մասնավորապես՝ Tesla Inc.-ի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում