Նավթի գները բարձրանում են

1 Min Read

Նավթի գները երկուշաբթի առավոտյան չափավոր աճել են՝ ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա 50 տոկոս մաքսատուրքերի սահմանման հետաձգման մասին լուրի ֆոնին։

Երևանի ժամանակով ժամը 09:06-ի դրությամբ, Լոնդոնի ICE բորսայում Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,28 դոլարով (0,43%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 65,06 դոլարի։ Ուրբաթ օրը դրանք բարձրացել են 0.34 դոլարով՝ հասնելով 64.78 դոլարի։

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI հուլիսյան ֆյուչերսները աճել են 0.26 դոլարով (0.42%)՝ հասնելով 61.79 դոլարի։ Մեկ օր առաջ դրանք արժեին 61,53 դոլար։

Գների աճը կապված է Դոնալդ Թրամփի որոշման հետ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ զրույցից հետո մաքսատուրքերի ներդրումը մինչև հուլիսի 9-ը հետաձգելու վերաբերյալ։ Ավելի վաղ Թրամփը առաջարկել էր դրանք ներդնել արդեն հունիսի 1-ին։

IG վերլուծաբան Թոնի Սիկամորը նշել է, որ նավթի շուկան և ԱՄՆ ֆոնդային ինդեքսները սկսել են աճել այս հայտարարության ֆոնին։

Բացի այդ, ԱՄՆ-ում գործող հորատման հարթակների թիվը անցյալ շաբաթ նվազել է 8-ով՝ հասնելով 465-ի, ինչը ամենացածր մակարդակն է 2021 թվականի նոյեմբերից ի վեր։

Ներդրողները նաև հետևում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջընթացին։ Թրամփը նշել է, որ երկու կողմերը «շատ լավ» քննարկումներ են ունեցել շաբաթավերջին։ Սակայն, ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Հռոմում կայացած հանդիպումն ավարտվել է առանց համաձայնության, սակայն բանակցությունները կշարունակվեն։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով