Մասկի սոցիալական ցանցը «կապույտ նշաններ» է վաճառում ահաբեկիչներին

1 Min Read

Իլոն Մասկի X հարթակը (նախկինում՝ Twitter) ընդունում էր վճարովի X Premium բաժանորդագրություններ ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անհատներից և կազմակերպություններից։

Այս մասին ասվում է ամերիկյան «Տեխնոլոգիական թափանցիկության նախագիծ» (TTP) ոչ առևտրային կազմակերպության նոր հետաքննության մեջ։

Հաղորդագրության համաձայն, հարթակը ստուգման «կապույտ նշագրեր» է տրամադրել մի շարք հաշիվների, որոնք կապված են ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ «Ալ-Քաիդայի», «Հեզբոլլահի», իրաքյան շիական աշխարհազորայինների և Եմենի հուսիթ շարժման ներկայացուցիչների։

Նրանք բոլորը գտնվում են ԱՄՆ ֆինանսների նախարարության (OFAC) պատժամիջոցների տակ, որն արգելում է նման անձանց հետ ցանկացած ֆինանսական գործարք, այդ թվում՝ բաժանորդագրությունները և ավտոմատ վճարումները։

Հետաքննության հեղինակները նշում են, որ նույնիսկ պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների հետ կատարված ոչ միտումնավոր գործարքները կարող են հանգեցնել իրավական հետևանքների։ Արդյունքում, X-ի գործունեությունը կարող է ենթարկվել OFAC-ի, ԱՄՆ Արդարադատության նախարարության և Կոնգրեսի մանրակրկիտ ուսումնասիրության։

Տեղեկատվությունը հանրային բողոքի առիթ դարձավ՝ հաշվի առնելով Իլոն Մասկի մասնակցությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք կառավարական խորհրդում և նրա ակտիվ հայտարարությունները կառավարական համակարգը բարեփոխելու անհրաժեշտության մասին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով