Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան, համատեղ նախազգուշացում են տարածել Ռուսաստանի ռազմական հետախուզության կողմից համակարգված չարամիտ կիբերգործողության մասին։ Արշավի թիրախներն են Ուկրաինային օգնություն ցուցաբերող կազմակերպությունները։
«Ռուսական ռազմական հետախուզության կողմից իրականացվող այս չարամիտ արշավը լուրջ սպառնալիք է ներկայացնում թիրախային կազմակերպությունների համար, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու մեջ ներգրավվածների», — ասել է Մեծ Բրիտանիայի Ազգային կիբերանվտանգության կենտրոնի (NCSC) գործողությունների տնօրեն Փոլ Չիչեստերը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Ըստ NCSC-ի, հարձակումները թիրախավորել են նաև լոգիստիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին, պաշտպանական կապալառուներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, նավահանգիստներին, օդանավակայաններին և օդային երթևեկության կառավարման համակարգերին ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրներում։
Զգուշացումը պարունակում է ռիսկերը նվազեցնելու համար անհապաղ գործողությունների առաջարկություններ։
«Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս կազմակերպություններին ուշադիր ուսումնասիրել փաստաթղթում նշված սպառնալիքների մասին տեղեկատվությունը և արձագանքման քայլերը՝ իրենց ցանցերի պաշտպանվածությունն ապահովելու համար», — ավելացրեց Չիչեստերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում