Նախորդ վերլուծությունում անդրադարձ կատարեցինք Հայաստանում ստեղծված իրականությանը, երբ գրեթե մեկ միլիոն մարդ հանդիսանում է վարկառու, և որ վարկային ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է ու կարող է խնդիրներ առաջացնել։ Սույն վերլուծությունում կուսումնասիրենք ՀՀ ռեզիդենտներին տրված վարկերի բաշխվածությունն ըստ Երևան քաղաքի և մարզերի․
ԿԲ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալներով Երևանը գերազանցում է մարզերին։ Մասնավորապես, 2025թ․ մարտի վերջի դրությամբ դրամով և արտարժույթով տրված վարկերի ծավալները Երևանում կազմել են ֏ 4․5 տրլն, որը 2024թ․ մարտի վերջի համեմատ աճել է մոտ 29%-ով։
Մարզերում տրամադրված վարկերի առավելագույն ծավալներով առանձնանում են հետևյալ մարզերը՝ Կոտայք՝ ֏ 0,38 տրլն, Արարատ և Արմավիր՝ ֏ 0․19 տրլն, և Սյունիք՝ ֏ 0․17 տրլն։
Կոտայքի մարզում 2025թ․ մարտի վերջին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ վարկերի ծավալների աճը կազմել է մոտ 34%, Արարատում և Արմավիրում՝ համապատասխանաբար շուրջ 22% և 28%, իսկ Սյունիքում՝ շուրջ 60%։
2025թ․ մարտի վերջի դրությամբ վարկերի նվազագույն ծավալներ են գրանցվել Վայոց ձորի մարզում ՝ կազմելով ֏ 0․05 տրլն։ Վերջինս 2024թ․ մարտի վերջի համեմատ աճել է մոտ 27%-ով։
Նկատենք, որ Երևանում և մարզերում զգալի մասնաբաժին ունեն թե՛ սպառողական, թե՛ հիփոթեքային վարկերը։
Առավելագույն սպառողական վարկերի մասնաբաժինը՝ 48%, ընդհանուր վարկերի ծավալներում առկա է եղել Շիրակի մարզում, իսկ նվազագույնը՝20%, Երևանում։
Հիփոթեքային վարկերի առավելագույն մասնաբաժինը՝ 32%, առկա է Սյունիքի մարզում, իսկ նվազագույնը՝ 16%, Արագածոտնում։
Հավելենք նաև, որ Երևանում բացի հիփոթեքային և սպառողական վարկերից զգալի մասնաբաժին ունեն վարկերը, որոնք տրվել են շինարարության և առևտրի ոլորտներում` համապատասխանաբար 14% և 12% մասնաբաժիններով։
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում զգալի են գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներին տրվող վարկերը՝ համապատասխանաբար 21%, 11%, 14%, 11% և 10%։
Սյունիքում վարկերի ընդհանուր ծավալներում 25% մասնաբաժին ունեն վարկերը, որոնք տրվել են հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում։
Վայոց ձորում վարկերի ընդհանուր ծավալներում 23% մասնաբաժին ունեն վարկերը, որոնք տրվել են Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում