«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային միջոց հանդիսացող գումարների հափշտակությունն է եղել:
Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության ղեկավարը Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին ուղղորդել է վարկեր ձևակերպելու համար դիմել տարբեր բանկեր՝ նպատակ չունենալով ապագայում կատարել վարկային պարտավորությունները:
Այնուհետև, վարկային միջոցները փոխանցվել են վարկառուների բանկային քարտերին կամ տրամադրվել են առձեռն, որից հետո Է.Ն.-ն վարկի գումարի 30-50 տոկոսը պահել է իրեն, իսկ մնացածը վերադարձրել վարկառուներին:
Արդյունքում՝ հանցավոր կազմակերպության կողմից իրականացրած հիշյալ գործունեության մեջ ներգրավված 33 անձանց կողմից վարկեր ստանալու արդյունքում մի շարք բանկերի պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 119 մլն 236 հզր 568 ՀՀ դրամի վնաս:
Բացի այդ, Է.Ն.-ն վրացահայերի շրջանում նրանց օգտագործման համար իրացրել է նաև կեղծ վարորդական իրավունքի վկայականներ և անձնագրեր:
10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկ այլ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: