Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ Ford Motor-ը, լքեց ռուսական շուկան։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։
Ընկերությունը ռուսական «SOLLERS» ավտոմոբիլային խմբի հետ համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 49 %-ը վաճառել է ռուս գործընկերոջը։ Միաժամանակ, ամերիկյան ավտոհսկան հնարավորություն ունի հետ գնել իր բաժնեմասը, օպցիոնը կարող է իրականացվել հինգ տարվա ընթացքում։
«Վաճառքը հաջորդում է մարտ ամսից Ռուսաստանում բոլոր գործողությունների ամբողջական դադարեցմանը, ներառյալ հավաքումը, բաղադրիչների մատակարարումը, ՏՏ և տեխնոլոգիական աջակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հետևելով մի շարք այլ ավտոմոբիլային ընկերությունների՝ Ford-ը Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեց մարտի սկզբին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից հետո։ «SOLLERS»-ի հետ համատեղ ձեռնարկությունը անգործության է մատնվել մարտի 3-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում