Nvidia ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ պատրաստվում է վաճառել այլ ընկերություններին մի տեխնոլոգիա, որը միավորում է չիպերը՝ արագացնելու դրանց միջև տվյալների փոխանցումը։ Այս գործընթացը կարևոր է արհեստական բանականության գործիքների ստեղծման և կիրառման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, Nvidia-ն ներկայացրել է իր NVLink տեխնոլոգիայի նոր տարբերակը՝ NVLink Fusion, որը վաճառքի կառաջարկի այլ չիպերի մշակողներին՝ թույլ տալով ստեղծել հզոր արհեստական բանականության անհատական համակարգեր, որտեղ մի քանի չիպեր փոխկապակցված են։
Ըստ Reuters-ի՝ Marvell Technology և MediaTek ընկերություններն արդեն նախատեսում են օգտագործել NVLink Fusion իրենց չիպերում։
Nvidia-ն դեռ տարիներ առաջ է մշակել NVLink տեխնոլոգիան։ Այն թույլ է տալիս փոխանցել հսկայական քանակությամբ տվյալներ տարբեր չիպերի միջև։ Օրինակ՝ այն կիրառվում է ընկերության GB200 համակարգում, որը միավորում է երկու Blackwell գրաֆիկական պրոցեսոր և Grace պրոցեսոր։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Nvidia-ն մշակել է պրոցեսորներ, որոնք կաշխատեն Microsoft Windows օպերացիոն համակարգով և կօգտագործեն Arm Holdings-ի տեխնոլոգիաները։
Բացի այդ, Nvidia-ն ներկայացրել է իր արհեստական բանականության չիպերի սեղանադիր տարբերակը՝ DGX Spark։ Երկուշաբթի օրը ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ համակարգիչը արդեն արտադրության փուլում է և պատրաստ կլինի «մի քանի շաբաթում»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում