Նավթի գները ուրբաթ առավոտյան բարձրացել են՝ նախորդ օրվա զգալի անկումից հետո։ Երևանի ժամանակով ժամը 9:05-ի դրությամբ, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները բարձրացել են մինչև 64,8 դոլար մեկ բարելի համար, ինչը 0,27 դոլարով (0,42%-ով) բարձր է նախորդ առևտրի փակման մակարդակից։
Հինգշաբթի օրը Brent-ը նվազել է 1.56 դոլարով (2.36%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 64.53 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի հունիսյան ֆյուչերսները նույնպես աճել են 0.26 դոլարով (0.42%)՝ հասնելով մեկ բարելի համար 61.88 դոլարի։ Հինգշաբթի այս պայմանագրերի գինը նվազել է 1,53 դոլարով (2,42%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 61,62 դոլարի։
Հինգշաբթի նավթի գների կտրուկ անկումը կապված էր ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի կնքման սպասումների հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը մոտ են համաձայնության։ SEB-ի վերլուծաբան Օլե Հվալբիի կարծիքով՝ պատժամիջոցների անհապաղ վերացումը կարող է համաշխարհային շուկա դուրս բերել լրացուցիչ 800,000 բարել իրանական նավթ։
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լավատեսությունը նույնպես աջակցում է նավթի գներին։ Երկրները համաձայնել են ժամանակավորապես 90 օրով կրճատել ներմուծման մաքսատուրքերը և շարունակել բանակցությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում