Կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ հանդիպելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Արմավիրի մարզի Արգինա համայնքում է եղել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը բնակիչներին է ներկայացրել Ինտենսիվ այգեգործության ծրագրում կատարված փոփոխությունները։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ 0.5-3 հա ինտենսիվ և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում ծախսերը կփոխհատուցվեն 50-75 տոկոսի չափով։ Կարկուտի առավել ռիսկային համայնքներում փոխհատուցման չափը պահպանվել է 75 տոկոս, իսկ մնացած բնակավայրերի համար սահմանվել է 50 տոկոս փոխհատուցում։
Անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրին և պետական աջակցության մյուս ծրագրերին։
Այցի ընթացքում նախարարի տեղակալը նաև պատասխանել է բնակիչների հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում