ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքված գործարքների մասին՝ ավելի քան 200 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Դրանց թվում է նաև Boeing, GE Aerospace և Etihad Airways ընկերությունների միջև կնքված 14,5 միլիարդ դոլարի պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, ուրբաթ օրը Etihad ավիաընկերությունը հաստատել է, որ պատվիրել է 28 լայնֆյուզելյաժային Boeing ինքնաթիռ՝ GE շարժիչներով։ Ընկերությունը նշել է, որ այս գործարքը արտացոլում է իր «համակարգված մոտեցումը՝ ավիապարկը համապատասխանեցնելու փոփոխվող ցանցային և գործառնական կարիքներին»։
Etihad-ը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Աբու Դաբիում, հայտնել է, որ ինքնաթիռները նախատեսվում է ձեռք բերել մինչև 2028 թվականը։
Ավելի վաղ Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ Etihad-ը պարտավորվել է Boeing և GE ընկերություններին ներդրում կատարել 14,5 միլիարդ դոլարի չափով՝ 28 Boeing 787 և 777X ինքնաթիռների ձեռքբերման համար՝ GE շարժիչներով։ GE-ն և Boeing-ը դեռևս չեն մեկնաբանել այդ հայտարարությունը։
«Ներդրումները խորացնում են ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի միջև առկա երկարամյա գործընկերությունը կոմերցիոն ավիացիայի ոլորտում՝ խթանելով ամերիկյան արտադրությունն ու արտահանումը», — նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Reuters-ի տվյալներով՝ Etihad-ի ավիապարկում այս պահին կա մոտ 100 ինքնաթիռ։ Նախորդ ամիս ընկերության գլխավոր տնօրեն Անտոնոալդո Նևեսը հայտնել էր, որ 2025 թվականին Etihad-ը նախատեսում է ավելացնել 20-ից 22 նոր ինքնաթիռ։
Չորեքշաբթի օրը Թրամփի Կատար այցի ընթացքում Boeing-ը կնքել է նաև իր ամենախոշոր գործարքը լայնֆյուզելյաժային ինքնաթիռների համար պետական փոխադրող Qatar Airways-ի հետ։ Սպիտակ տան տվյալներով՝ ավիաընկերությունը հաստատել է 160 ինքնաթիռի պատվեր, ինչպես նաև ունի հավելյալ 50 ինքնաթիռի գնումների օպցիա՝ ընդհանուր 96 միլիարդ դոլարի արժողությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում