Հայաստանը` նոր տարանցիկ միջանցքի մասնակից. Առևտրային կապերն անդամ երկրների հետ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ-ն միանում է միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծմանը։ 2025թ․ մայիսի 8-ի համար 538-Ա որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի  կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագիրը և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հայաստանի համար հույժ կարևոր նշանակություն ունի առևտրային կապերի հաստատումն աշխարհի տարբեր երկրների հետ։ Հայաստանի անվտանգության տեսանկյունից կարևոր է դառնալ տարածաշրջանային տարանցիկ երկիր, որի տարածքով անցնող առևտրային ուղիները կենսական նշանակություն կունենան խոշոր տնտեսությունների համար։

Այս առևտրային գործընթացներում ներգրավումը զգալի ֆինանսական միջոցներ կապահովի Հայաստանի համար՝ զարկ տալով տեղական արտադրության ծավալների և բյուջեի հոսքերի ավելացմանը։ Առաջարկվող առևտրային ուղին բաղկացած է Իրանից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Օմանից և Կատարից։

Այս պետություններից յուրաքանչյուրի հետ Հայաստանն ունի տնտեսական հարաբերություններ, սակայն ՀՀ արտահանման և ներմուծման ծավալներում զգալի մասնաբաժին ունի միայն Իրանը, ոչ այնքան զգալի կապեր կան Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ․

2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ արտահանման ծավալներում Իրանի մասնաբաժինը կազմել է 0․6%, Թուրքմենստանինը՝ 0․4%, իսկ Ուզբեկստանինը՝ 0․2%։

ՀՀ ներմուծման ծավալների շուրջ 5%-ն ապահովել է Իրանը, 0․2%-ը՝ Ուզբեկստանը, իսկ 0․01%-ը՝ Թուրքմենստանը։

Հույս ունենանք, որ առևտրային այս տարանցիկ միջանցքը հնարավորություն կտա մեծացնել փոխադարձ առևտուրը Հայաստանի և վերոնշյալ երկրների միջև, ինչպես նաև ապահովել տնտեսական համագործակցության նոր հեռանկարներ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով