Հավելյալ գումարով հնարավոր կլինի վարորդական քննությունը հանձնել անմիջապես հաջորդ օրը

1 Min Read

«Եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն։ Մենք ստացել ենք բազմաթիվ դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց անձը կարող է քննությունը վերահանձնել անգամ հաջորդ օրը»,– այսօր կառավարության նիստին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան։

Այդ պատճառով նախարարությունն առաջարկում է` եթե անձը հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ գումարը կկազմի 45 հազար դրամ, եթե 3–րդ օրը, ապա` 30 հազար դրամ։

«Սա հավելյալ հնարավորություն է ՀՀ քաղաքացիների համար, այսինքն` վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որ 7 օր անց է, պահպանում ենք, սակայն եթե անձը ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք իրավական այս նոր հնարավորությունը»,– հայտարարել է նախարարը։

Մեկ այլ փոփոխությամբ` եթե հաջորդ ստանդարտ վերահանձնման (2–րդ վերահանձնում) ժամանակահատվածը մեկ ամիս անց է, այս դեպքում ևս սահմանվել են ժամկետային որոշակի հնարավորություններ. եթե մեկ ամիս անց ևս անձը ստանում է բացասական գնահատական, ապա նա կարող է վերահանձնել 7–րդ և 14–րդ օրը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով