Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է օրենք, որը վերացնում է սոցիալական ցանցերում լայքերի և արձագանքների համար քրեական պատասխանատվությունը, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը, մասնավորապես, բացառում է քրեական պատասխանատվությունը այն հրապարակումների «հավանման» համար, որոնք իշխանությունները համարում են ծայրահեղական կամ հասարակական կարգը սպառնացող։
2018 թվականին Էմոմալի Ռահմոնը ստորագրել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի փոփոխությունները, որոնց համաձայն՝ ահաբեկչական հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերը և առցանց ահաբեկչական գործունեության հրապարակային արդարացումը պատժվում են 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը նշում է, որ այժմ գլխավոր հարցն այն է, թե արդյոք այս հոդվածով դատապարտվածները կազատվեն բանտից։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Տաջիկստանում ավելի քան 1500 մարդ դատապարտվել է իշխանությունների կողմից ծայրահեղական համարվող հոդվածները հավանելու և մեկնաբանելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում