Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խնդրելով պատասխանել մի քանի շաբաթ առաջ ուղարկված նամակին, որով առաջարկվում էր սկսել ռազմավարական գործընկերություն։ Բաց նամակում Վրաստանի վարչապետը նշել է, որ նամակը ԱՄՆ նախագահի վարչակազմին ուղարկելուց առաջ հրապարակայնորեն հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել ԱՄՆ-ի հետ «մաքուր էջից»՝ համագործակցության հստակ ծրագրով։
«Սակայն մինչ օրս մենք չենք ստացել կոնկրետ պատասխան», – Կոբախիձեի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս»-ը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Սպիտակ տան լռությունը զարմանք է առաջացնում ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ կառավարության մոտ։ Կոբախիձեն իր բաց նամակում ընդգծել է, որ Վրաստանը երկար տարիներ եղել է ԱՄՆ-ի «հուսալի գործընկերը» տարածաշրջանում, որն ունի ռազմավարական նշանակություն Վաշինգտոնի համար։ Նա հիշեցրել է, որ Վրաստանը իր զինված ուժերն է ուղարկել ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող գործողություններին՝ մասնավորապես Իրաքում և Աֆղանստանում։
Կոբախիձեն նաև նշել է, որ Վրաստանը տարածաշրջանում դարձել է ամենաբարձր ժողովրդավարության մակարդակով երկիրը, որտեղ ապահովվում են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և լրատվամիջոցների ազատությունը։
Նա նաև շեշտել է, որ Վրաստանում չեն հասկանում՝ ինչով է պայմանավորված նախորդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից կիրառված պատժամիջոցները երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև Կոնգրեսի կողմից «MEGOBARI ACT» անունով օրինագծի ընդունումը, որն ուղղված է վրաց ժողովրդի դեմ։ Նամակի ավարտին Կոբախիձեն հույս է հայտնել, որ վրաց-ամերիկյան հարաբերությունները կխորանան, և համագործակցությունը կընդլայնվի։
«MEGOBARI ACT» (MEGOBARI՝ վրացերեն նշանակում է «ընկեր») օրինագիծը արդեն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։ Եթե այն ընդունվի Սենատում և ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ապա Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ կկիրառվեն վիզային սահմանափակումներ և այլ պատժամիջոցներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում