Նոր նմուշի ամերիկյան արժույթը գրեթե անհետացել է ռուսական բանկերից։ SHOT-ի տվյալներով՝ ներկայումս նոր դիզայնով դոլարներ գրեթե հնարավոր չէ գտնել փոխանակման կետերի մեծամասնությունում։ Ինչպես հայտնել են SHOT-ին մոսկովյան բանկային գանձարկղերից, նոր դոլարները վաղուց չեն մատակարարվում, վաճառվում է միայն այն, ինչ բերում են քաղաքացիները. «Մեզ չեն բերում, պարզապես ոչ մի տեղից չկա։ Վաճառում ենք այն, ինչ ունենք»։
Տվերսկայա-Յամսկոյ փողոցում գործող Россельхозбанк-ի աշխատակիցների խոսքով՝ իրենց մոտ ընդհանրապես նոր դոլարներ չեն լինում։ «Ֆորա-բանկում»՝ Գռուզինսկի Վալում, նույնպես այժմ արտարժույթ չկա, լինում է շատ հազվադեպ։ Իսկ «Ֆինամ»-ի գանձարկղում՝ Նաստասինսկի նրբանցքում, նոր դոլար չեն տեսել արդեն երկու տարի։
Այնուամենայնիվ, «Տրանսստրոյբանկ»-ի փոխանակման կետում դեռ կարելի է գտնել որոշ քանակությամբ նոր դոլարներ։ Սակայն դրանք գնելու համար հարկավոր է վճարել «թղթադրամների ընտրության միջնորդավճար»՝ յուրաքանչյուր 100 դոլարի համար հավելյալ 200 ռուբլի։
Գանձարկղի աշխատակիցների խոսքով՝ իրավիճակը վատանալու է, հատկապես ամառային արձակուրդների սեզոնից հետո։ Շատ երկրներում հին ձևի դոլարներն արդեն չեն ընդունում, ուստի ռուս զբոսաշրջիկները արտահանում են մնացած նոր դոլարները։
Նոր ձևի ԱՄՆ դոլար են համարվում այն թղթադրամները, որոնք շրջանառության մեջ են դրվել 2013 թվականից հետո՝ 100 դոլարանոց թղթադրամի դիզայնի թարմացումից սկսած։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հավաստմամբ՝ շրջանառության մեջ կարելի է օգտագործել 1914 թվականից ի վեր թողարկված ցանկացած դոլար։ Սակայն շատ երկրներում հին նմուշի խոշոր թղթադրամներով կարող են խնդիրներ առաջանալ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում