Անցած տարի ֆինանսական դժվարություններ ունեցող ընկերությունը հայտարարել էր 9 հազար աշխատակցի կրճատման մասին։ Այժմ հայտնի է դարձել, որ նախատեսվում է ազատել ևս 11 հազար մարդու՝ ինչը կազմում է ընկերության աշխատակազմի գրեթե 15 տոկոսը։
Ճապոնական ավտոարտադրող Nissan ընկերությունը մտադիր է կրճատել ևս 11 հազար աշխատակից, և այսպիսով ընդհանուր կրճատումները կկազմեն 20 հազար մարդ, հայտնում են NHK-ի աղբյուրները։
Այս թիվը կազմում է ընկերության անձնակազմի մոտ 15 տոկոսը։ 9 հազար աշխատակցի կրճատման մասին Nissan-ը հայտարարել էր նախորդ տարի՝ ֆինանսական վիճակի վատթարացման ֆոնին։ Այն ժամանակ նաև որոշվել էր կրճատել գլոբալ արտադրական հզորությունները 20 տոկոսով։
NHK-ի տվյալներով՝ 2024 ֆինանսական տարվա արդյունքում ընկերությունը կարող է կրել ռեկորդային մաքուր կորուստ՝ մինչև 750 միլիարդ իեն (5 միլիարդ դոլար)։
Աշխատակիցների նոր կրճատումը պայմանավորված է վաճառքների սպասվածից ավելի կտրուկ անկմամբ, նշել են հեռուստաալիքի աղբյուրները։ Սպասվում է, որ պաշտոնապես այս որոշման մասին կհայտարարվի մայիսի 13-ին՝ ֆինանսական հաշվետվության ներկայացման ընթացքում։
Nissan-ը բանակցություններ է վարել Honda-ի հետ, որն ունի ավելի հաջողված դիրք, միավորման վերաբերյալ։ Եթե այս երկու արտադրողները միավորվեին, նոր կազմավորված ընկերությունը մեքենաների վաճառքի ծավալներով կդառնար աշխարհի երրորդ խոշորագույն ավտոմոբիլային խումբը՝ Toyota-ի և Volkswagen-ի հետո։
Սակայն փետրվարին ընկերությունները հայտարարեցին, որ միավորում չի լինի։ Reuters-ը պարզել է, որ «մեգամիավորումը» տապալվել է Nissan-ի ղեկավարության հպարտության, ընկերության ծանր վիճակով ոչ բավարար մտահոգվածության, ինչպես նաև Honda-ի կողմից պայմանների վերանայման պատճառով. վերջինս առաջարկել է, որ Nissan-ը դառնա դուստր ընկերություն, մինչդեռ ավելի թույլ վիճակում գտնվող Nissan-ը պահանջում էր համահավասար գործընկերային հարաբերություններ։
Ապրիլին Nissan-ում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Իվան Էսպինոզան, որի առջև դրվել է ընկերության վիճակը բարելավելու խնդիր, հայտնում է Bloomberg-ը։