Ռուսական ԶԼՄ-ները կարծես խուճապահար են. նրանց տեղեկություններով` ԱՄՆ-ն որոշել է Հայաստանին 25 մլն ԱՄՆ դոլարի օգնության 5-ամյա ծրագիր տրամադրել, որի նպատակն է Հայաստանի տնտեսությանն աջակցելը․
Գծապատկեր 1․ ՀՀ տնտեսության 5-ամյա օգնության ծրագրի նպատակները
Ներկայացվող տեղեկությունների համաձայն` ամերիկյան տրամադրվելիք օգնությունը ՀՀ տնտեսությանն աջակցելու է մեղմացնել թագավարակի, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների և ուկրաինական ճգնաժամի ցավալի հետևանքները։ Իսկ ռուսական կողմն այս հարցը ներկայացնում է որպես Հայաստանն արևմտյան ազդեցության գոտի ներքաշելու փորձ։
Այս ամենը տեղի է ունենում այն լուրերի համատեքստում, որ Հայաստան այցելեց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Նենսի Փելոսին, իսկ այսօր էլ արգելվել է ՌԴ պատգամավոր Զատուլինի մուտքը Հայաստան։ Իրապես զարմանալի է ռուսական կողմի տագնապը։
Եթե Ռուսաստանն իր դաշնակցի՝ Հայաստանի նկատմամբ եղել է արդարացի և 100 %-ով ազնիվ, ապա ինչու է կասկածում հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Իրականում հայ հասարակության տրամադրության տակ առկա տեղեկատվությունը փաստում է, որ ռուսական կողմը կտրուկ շրջադարձ է կատարել և բազմակողմանի համագործակցություն է սկսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ աչք փակելով տարածաշրջանում Հայաստանի շահերի վրա։ Փաստորեն, տեղի է ունենում թուրքերի և ռուսների մերձեցում` նորից հայկական հողերի և հայերի իրավունքների հաշվին։ Տեղեկատվական դաշտի այս հանգամանքից օգտվում են բոլորը՝ նպաստելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը։
Վերադառնալով ռուսական անհանգստություններին՝ նշենք, որ ՀՀ ռազմավարական օբյեկտներն ամբողջությամբ գտնվում են ռուսների ձեռքում, ինչպես նաև ռուսական զորքերը տեղակայված են ՀՀ-ում և Արցախի այն մասում, որը դեռևս չի անցել Ադրբեջանին։ Չնայած այս հանգամանքին` ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում 2022 թ․-ի հունիսի վերջի դրությամբ իրականացված ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում ունեցած մասնաբաժնով Ռուսաստանը և իր դաշնակիցները՝ Իրանը, Ղազախստանը, Կուբան, Սիրիան, Չինաստանը, պարտվում են կոլեկտիվ Արևմուտքին՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա և այլն։ Մասնավորապես, իրական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալների մասնաբաժիններով պատկերը հետևյալն է․
Գծապատկեր 2․ ՀՀ իրական հատվածում իրականացված նեդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում ՌԴ-ի և դաշնակիցների, ինչպես նաև կոլեկտիվ Արևմուտքի մասնաբաժինները` 2022 թ․-ի հունիսի վերջի դրությամբ
Պարզվում է՝ ՀՀ իրական հատվածում Ռուսաստանի և դաշնակիցների ներդրումների մաքուր պաշարների մասնաբաժինը կազմել է 41․1 %, իսկ կոլեկտիվ Արևմուտքինը՝ 45,4 %։
ՀՀ ֆինանսական հատվածում Ռուսաստանը և դաշնակիցները ներկայանում են Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, իսկ կոլեկտիվ Արևմուտքն ավելի լայն ցանկով է հանդես գալիս․
Գծապատկեր 3․ ՀՀ ֆինանսական հատվածում իրականացված նեդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում ՌԴ-ի և դաշնակիցների, ինչպես նաև կոլեկտիվ Արևմուտքի մասնաբաժինները` 2022 թ․-ի հունիսի վերջի դրությամբ
Այս դեպքում կոլեկտիվ Արևմուտքի մասնաբաժինը՝ մոտ 55 %, էապես գերազանցում է Ռուսաստանի և դաշնակիցների մասնաբաժնին՝ 6,4 %։
Ամփոփելով, կարող ենք նշել, որ Հայաստանի համար թանկ են ինչպես Ռուսաստանի և Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի և արևմտյան մյուս երկրների հետ հարաբերությունները։ Եվ, այս հարցում ներկայիս իշխանությունների որդեգրած կտրուկ շրջադարձերը, նույնիսկ, եթե նկատում ենք ոչ համարժեք վերաբերմունք հայության և նրա շահերի նկատմամբ, կարող են չափազանց թանկ արժենալ մեր երկրի համար։
Այս աշխարհաքաղաքական ուղղություններից որևէ մեկի ընտրությունը մյուսի անտեսման հաշվին` կործանարար հետևանքներ կարող է ունենալ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում