Ներդրողները սպասում են աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հայտարարեց Պակիստանի դեմ ուղղված հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Պակիստանը Հնդկաստանի հարվածները որակեց որպես պատերազմի ակտ։
Bloomberg-ի հաշվարկներով՝ սկսած ապրիլի 22-ից, երբ լարվել է Հնդկաստանի և հարևան Պակիստանի միջև իրավիճակը Քաշմիրում զբոսաշրջիկների դեմ հարձակումից հետո, 10 հնդկական պաշտպանական ընկերությունների շուկայական արժեքը աճել է ավելի քան 5 միլիարդ դոլարով։ Վերլուծության մեջ ներառվել են, մասնավորապես, ինքնաթիռների արտադրող Hindustan Aeronautics-ի և հրթիռներ արտադրող Solar Industries India-ի բաժնետոմսերի դինամիկան։
Ապրիլի 22-ին զինված խմբավորումը հարձակում էր գործել զբոսաշրջիկների վրա Փահալգամ քաղաքում՝ Անանտնագ լեռնային շրջանում, որը գտնվում է Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր միութենական տարածքում։ Տեղանքն ամենաժամանակ հանդիսանում է Հնդկաստանի վերահսկողության ներքո, սակայն երկար տարիներ վեճի առարկա է եղել Պակիստանի հետ։ Հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ՝ 25 հնդիկ և 1 նեպալցի քաղաքացի, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Պակաս հայտնի «Դիմադրության ճակատ» (The Resistance Front, TRF) խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Հնդկաստանում TRF-ը դիտարկվում է որպես պակիստանյան «Լաշկար-ի-Թայբա» խմբավորման շղարշ, և իշխանությունները մեղադրում են Պակիստանին սահմանային ահաբեկչությանը աջակցելու մեջ։ Իսլամաբադը հերքում է իր ներգրավվածությունը։
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի բանակը սկսեց «Սինդուր» գործողությունը՝ ուղղված Պակիստանում «ահաբեկչական ենթակառուցվածքի» դեմ։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածներ են հասցվել Պակիստանի տարածքում գտնվող ինը օբյեկտների։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Հնդկաստանի հարձակումները անվանել է պատերազմի ակտ։
Ներդրողները ակնկալում են, որ նման աշխարհաքաղաքական սրացումը շահավետ կլինի պաշտպանական արդյունաբերության համար։
Մայիսի 7-ին, առավոտյան առևտրի ժամանակ պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ աճեցին, սակայն հետագայում որոշ արժեքներ նվազեցին։ Mazagon Dock Shipbuilders ընկերության բաժնետոմսերը նախապես աճել էին 4.55%-ով, սակայն ժամը 09:36-ի դրությամբ նվազել էին 2.95%-ով։
Hindustan Aeronautics-ի բաժնետոմսերը հասել էին 1.87% աճի, այնուհետև նվազել 0.61%-ով, իսկ Solar Industries India-ի բաժնետոմսերը սկզբում աճել էին 1.23%, իսկ հետո աճի տեմպը դանդաղել էր՝ հասնելով 0.73%։