Բջջային ինտերնետը չի աշխատում Ռուսաստանի ավելի քան 30 քաղաքներում ԱԹՍ հարձակման սպառնալիքի պատճառով։ Կապի խնդիրների մասին բողոքում են Т2, Т-Мобайл, Yota, «ՄեգաՖոն» և այլ օպերատորների օգտատերերը։ Բողոքներ են ստացվել Յարոսլավլի, Տուլայի, Տվերի, Մոսկվայի, Լենինգրադի, Կուրսկի, Կալուգայի մարզերից և Մորդովայից։
Հաղորդվում է նաև, որ որոշ տարածաշրջաններում բջջային ինտերնետի անջատման հետևանքով առաջացել են խնդիրներ վճարային տերմինալների և բանկոմատների աշխատանքում։
Մոսկվայում մայիսի 7-ից 9-ը հնարավոր են բջջային ինտերնետի աշխատանքի սահմանափակումներ։ Այս մասին նախօրեին զգուշացրել է մայրաքաղաքի քաղաքապետի և կառավարության մամուլի ծառայությունը։ Դա կապված է հանրային միջոցառումների անցկացման և «բազմաթիվ բարձր և բարձրագույն մակարդակով օտարերկրյա պատվիրակությունների ժամանման» հետ։
«Հնարավոր են սահմանափակումներ բջջային ինտերնետի աշխատանքում։ Հույս ունենք մոսկվացիների և մայրաքաղաքի հյուրերի հասկացողության վրա», — նշվում է մամուլի հաղորդագրությունում։
Մայիսի 7-ի առավոտյան Սբերբանկը իր հաճախորդներին զգուշացրել է, որ հնարավոր են բարդություններ բանկային հավելված մուտք գործելու ընթացքում՝ Մոսկվայի շրջանում բջջային ինտերնետի աշխատանքի խափանումների պատճառով։
«Հարգելի հաճախորդ, բջջային ինտերնետի հնարավոր խափանումների հետևանքով Մոսկվայում և Մոսկվայի մարզում հնարավոր են դժվարություններ բանկի հավելվածների հասանելիության հետ կապված», — ասվում է Սբերբանկի հաղորդագրության մեջ։
Սովորականից մեծածավալ նախորդ խափանումը բջջային կապի և ինտերնետի ոլորտում տեղի էր ունեցել մայիսի 5-ին։