Երկուշաբթի՝ մայիսի 5-ին, Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց պաշտպանական խոշոր նախաձեռնության մասին. հաջորդ տասնամյակի ընթացքում երկիրը 1.1 միլիարդ եվրո կծախսի Ռուսաստանի և Բելառուսի հետ իր արևելյան սահմանը ամրապնդելու համար։
Այս գումարի հիմնական մասը՝ մոտ 800 միլիոն եվրոն, կծախսվի հակատանկային ականների ձեռքբերման և տեղադրման վրա։ Գործակալությունը նման միջոցառումները բացատրում է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի վերաբերյալ մտահոգությունների աճով, հատկապես, եթե այն հաջողության հասնի Ուկրաինայի դեմ պատերազմում։
Լիտվան, որը սահմանակից է Ռուսաստանի Կալինինգրադի մարզին և Բելառուսի հյուսիս-արևմուտքին, չի բացառում այն սցենարը, որի դեպքում հաջորդ թիրախը կարող են դառնալ Բալթյան երկրները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան։
Նախարարությունը հայտարարել է, որ ապագա ներդրումները նախատեսված են «արգելափակելու և դանդաղեցնելու» հնարավոր ագրեսիան։ Ականադաշտերից բացի, կան ծրագրեր ակտիվորեն զարգացնելու «Բալթյան պաշտպանության գիծ» համակարգը՝ տարածաշրջանային ամրացված գիծը։ Միջոցառումների փաթեթը ներառում է նաև հակատանկային զենքի պաշարների ավելացում, էլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի արդիականացում, ինչպես նաև վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործում։
Բացի այդ, Լիտվան մտադիր է օգտագործել բնական և ինժեներական լուծումներ. նախատեսված միջոցառումները ներառում են ոռոգման ջրանցքների խորացում, որոնք կարող են ծառայել որպես խրամատներ, սահմանամերձ տարածքներում անտառների վերականգնում և ճանապարհների երկայնքով ծառեր տնկում՝ քաղաքացիական անձանց և բանակային շարասյուների համար ապաստան ապահովելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում