Թրամփը հայտարարեց արտասահմանյան ֆիլմերի նկատմամբ 100% մաքսատուրքի մասին

2 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսվում է 100% մաքսատուրք կիրառել արտասահմանում նկարահանված ֆիլմերի նկատմամբ։ Սա առաջին դեպքն է, երբ նրա սահմանափակող առևտրային քաղաքականությունը կանդրադառնա ժամանցի ոլորտին։

Truth Social սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ Թրամփը հայտնել է, որ հանձնարարել է Առևտրի նախարարությանը և իր առևտրային ներկայացուցիչներին «անմիջապես սկսել օտարերկրյա ֆիլմերի վրա հարկի սահմանման գործընթացը»։ Նա ավելացրել է.
«ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԿԻՆՈՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԻ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ, ՆՈՐԻՑ»։

Նախագահը նաև հայտարարել է, որ արտասահմանյան ֆիլմերը սպառնալիք են ազգային անվտանգությանը, պնդելով, թե այլ երկրներ կինոն օգտագործում են որպես քարոզչության գործիք։

Bloomberg-ը նշում է, որ մաքսատուրքի մեխանիզմը դեռ պարզ չէ։ Շատ հոլիվուդյան ֆիլմեր նկարահանվում են տարբեր երկրներում, իսկ հետարտադրական աշխատանքները կարող են կատարվել աշխարհի ցանկացած կետում։ Չի հստակեցվել, արդյոք հարկը տարածվում է արդեն նկարահանված, բայց դեռ չթողարկված ֆիլմերի վրա, թե միայն նորերի։

Թրամփի այս քայլը հաջորդել է Չինաստանի կողմից ձեռնարկված նմանատիպ որոշմանը, նշում է Bloomberg-ը։ Նախորդ ամիս Պեկինը կարգադրել էր «չափավոր կրճատել» Հոլիվուդի ֆիլմերի քանակը, որոնք թույլատրվում են ցուցադրության Չինաստանում՝ ի պատասխան Թրամփի մաքսային քաղաքականության։

2024թ. ապրիլին Չինաստանի Կինեմատոգրաֆիայի ազգային վարչությունը հայտարարել էր, որ սահմանափակումները «անխուսափելիորեն էլ ավելի կնվազեցնեն տեղական հանդիսատեսի հետաքրքրությունը ամերիկյան ֆիլմերի նկատմամբ»։

ProdPro հետազոտական ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ում ֆիլմերի և հեռուստաշոուների արտադրության ծախսերը 2021–2024 թվականներին նվազել են 28%-ով։ Մինչդեռ Կանադայում, Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում արձանագրվել է աճ՝ պայմանավորված հարկային արտոնություններով և արտադրության ծախսերի իջեցմամբ։

2025թ. առաջին եռամսյակում Լոս Անջելեսի շրջանում ֆիլմերի և սերիալների նկարահանումների քանակը նվազել է 22%-ով՝ արտացոլելով բիզնեսի շարունակվող արտահոսքը Կալիֆոռնիայից այլ շրջաններ։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով