Չինաստանը պատրաստել է ԱՄՆ-ում արտադրված ապրանքների ցանկ, որոնք կազատվեն 125% մաքսատուրքերից և «աննկատ» տեղեկացնում է այդ մասին ընկերություններին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Գործակալության աղբյուրներից մեկը, որն աշխատում է ամերիկյան դեղամիջոցներ վաճառող դեղագործական ընկերությունում, ասել է, որ չինական իշխանությունները անձնական կապ են հաստատել իր ընկերության հետ ցուցակի վերաբերյալ։ Նա հավելում է, որ ընկերությունը նախկինում խնդրել է մաքսատուրքից ազատում, քանի որ որոշ ապրանքների համար ապավինում է ամերիկյան տեխնոլոգիաներին։
Ռոյթերսի հաղորդմամբ՝ իշխանությունները նաև խնդրել են ընկերություններին նշել այն կարևորագույն ապրանքները, որոնք նրանք կցանկանային ներմուծել առանց մաքսատուրքի։ Սակայն այսպես կոչված «սպիտակ ցուցակի» գոյության մասին նախկինում չի բացահայտվել։
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Չինաստանի արևելյան շրջանում իշխանությունները խնդրել են օտարերկրյա բիզնես լոբբիստների խմբին «հաղորդել սակագնային լարվածության պատճառով առաջացած բոլոր կրիտիկական իրավիճակների մասին»՝ դեպքերը գնահատելու համար։ Բացի այդ, հարցում է ուղարկվել հարավ-արևելքի տեքստիլ ընկերություններին և կիսահաղորդչային արտադրողներին՝ գնահատելու համար ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից ի պատասխան սահմանված մաքսատուրքերի ազդեցությունը բիզնեսի վրա, ասել է աղբյուրը։
Այս մոտեցումը թույլ է տալիս Պեկինին, որը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է պայքարել մինչև վերջ, եթե Միացյալ Նահանգները չվերացնի իր 145 տոկոսանոց մաքսատուրքերը, պահպանել հրապարակային դիրքորոշումը՝ միաժամանակ ձեռնարկելով գործնական քայլեր զիջումների պատրաստվելու համար, նշում է Reuters-ը։
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփի կողմից աշխարհի մեծ մասի դեմ սկսված առևտրային պատերազմը մաքսատուրքերով ամենաուժեղ հարվածն է հասցրել Չինաստանին։ Վաշինգտոնի կողմից յուրաքանչյուր մաքսատուրքի բարձրացմանը Պեկինը նույն կերպ էր պատասխանում, և չինական ապրանքների վրա ԱՄՆ ընդհանուր մաքսատուրքերը այժմ կազմում են 145%։ Չինաստանի պատասխան մաքսատուրքերի չափը հասել է 125%-ի։
Պեկինը հայտարարել է, որ «չի ուզում, բայց չի վախենում կռվել» առևտրային պատերազմում։ Այնուամենայնիվ, Չինաստանը, ի վերջո, մի շարք ամերիկյան ապրանքներ ազատեց մաքսատուրքերից, այդ թվում՝ որոշ դեղագործական արտադրանք, միկրոչիպեր և ինքնաթիռների շարժիչներ։ Չինաստանը նաև վերացրեց ամերիկյան էթանի ներմուծման մաքսատուրքերը, որի միակ մատակարարը ԱՄՆ-ն էր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում