ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը արժանի է Վաշինգտոնի կողմից 145% մաքսային տուրքեր սահմանելուն։ Այս կարծիքը նա հայտնել է երեքշաբթի ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը նվիրված էր նախագահի պաշտոնում նրա երկրորդ ժամկետի առաջին 100 օրերին։
«Դա լավ է։ Նրանք արժանի են դրան», — հայտարարել է Թրամփը՝ արձագանքելով հաղորդավարի դիտարկմանը, թե այդ չափով մաքսատուրքեր սահմանելը փաստացի նշանակում է առևտրային էմբարգո։
Թրամփն ասել է, որ մինչև տուրքերի սահմանումը Չինաստանը «տարեկան 1 տրիլիոն դոլար էր վաստակում ԱՄՆ-ից»։ «145% մաքսատուրքերի դեպքում նրանք փաստորեն չեն կարող բիզնես անել ԱՄՆ-ի հետ», — նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը ապրիլի 2-ին հայտարարեց 185 երկրների և տարածքների արտադրանքի վրա մաքսատուրքերի սահմանման մասին։ Ռուսաստանը այդ ցանկում ներառված չէ։ Համընդհանուր 10% մաքսատուրքերը ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, իսկ անհատական տուրքերը՝ ապրիլի 9-ին։ Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է փոխադարձության սկզբունքով սահմանված լրացուցիչ մաքսատուրքերի կիրառումը որոշ երկրների և տարածքների նկատմամբ։ Սպիտակ տանը նշել են, որ դադարը կապված է առևտրային բանակցությունների հետ, այդ ընթացքում կգործի համընդհանուր 10% մաքսատուրք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում