Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ երկու երկրների կողմից կնքվելիք համատեղ հանքանյութերի արդյունահանման մասին համաձայնագիրը չպետք է հաշվի առնի Վաշինգտոնի կողմից փաստաթղթի ստորագրումից առաջ տրամադրված ռազմական օգնությունը, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Նա իր սոցցանցերում գրել է, որ նման համաձայնության է հասել Վաշինգտոն կատարած իր այցի և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ բանակցությունների ընթացքում։
Իշխանության գալուց հետո նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում ստանա Ուկրաինային տրամադրված ռազմական և այլ օգնության համար, և միևնույն ժամանակ մեջբերեց այնպիսի աջակցության թվեր, որոնք Կիևը և տնտեսական փորձագետները մի քանի անգամ չափազանցված են անվանել։
Սպիտակ տան ղեկավարը հանքանյութերի համատեղ արդյունահանման վերաբերյալ համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը բացատրեց հենց ԱՄՆ ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությամբ։ Ավելի ուշ, ըստ մամուլի, ԱՄՆ-ն փորձել է փաստաթղթում ապահովել, որ Վաշինգտոնի կողմից նախկինում հատկացված օգնությունը պետք է կազմի ամերիկյան ներդրումը Ուկրաինայի զարգացման և վերակառուցման հիմնադրամում, որը ստեղծվում է փաստաթղթի համաձայն։
Կիևը առարկեց, որ ԱՄՆ օգնությունը տրամադրվել է անվճար և չի կարող համարվել պարտք։ Բացի այդ, փորձագետները մտավախություն ունեին, որ եթե Կիևը Վաշինգտոնին անսահմանափակ իրավունքներ շնորհի իր բնական պաշարներն օգտագործելու համար, դա կարող է խոչընդոտել Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության գործընթացը։
«Գլխավորն այն է, որ մենք հստակ ուրվագծել ենք մեր կարմիր գծերը. համաձայնագիրը պետք է համապատասխանի եվրոպական պարտավորություններին և չհակասի Ուկրաինայի Սահմանադրությանը և օրենսդրությանը։ Այն պետք է վավերացվի խորհրդարանի կողմից», — գրել է Շմիգալը։
«Համաձայնություն է ձեռք բերվել, որ փաստաթուղթը հաշվի չի առնի ստորագրումից առաջ տրամադրված օգնությունը»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում