McDonald’s ընկերությունը չի պատրաստվում վերադառնալ ռուսական շուկա, իսկ ապրանքանիշի գրանցումը Ռուսաստանում իրականացվել է՝ կանխելու բրենդի ապօրինի օգտագործումը։ Այս մասին հայտնում է Telegram-ալիք SHOT-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչների խոսքին։ Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ McDonald’s-ը պաշտպանում է իր ինտելեկտուալ սեփականությունը, քանի որ այն համարվում է ընկերության ամենաթանկարժեք ակտիվներից մեկը։ Այդ պատճառով էլ որոշում է կայացվել գրանցել ապրանքանիշը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ McDonald’s-ը հայտ է ներկայացրել Ռոսպատենտ՝ իր «Մակդոնալդս» ապրանքանիշը Ռուսաստանում գրանցելու համար։ Նշվում էր, որ հայտը ներկայացվել է անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ դաշնային ծառայությունը հրապարակել է այն ապրիլին։ Արդյունքում հայտը ընդունվել է քննարկման։
Հայտնի էր նաև, որ այս ապրանքանիշի ներքո ընկերությունը նախատեսում է արտադրել և վաճառել Ռուսաստանում խմիչքներ և սնունդ, այդ թվում՝ արագ սնունդ։ Բացի այդ, McDonald’s-ը պլանավորում է տրամադրել ռեստորանային ծառայություններ և իրականացնել սննդի և խմիչքների առաքում։
Իսկ իր հերթին, քաղաքական վերլուծաբան, «Հաղորդակցման կառավարման ինստիտուտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Սիպրովը նշել է, որ McDonald’s-ը կարող է վերադառնալ ռուսական շուկա մինչև 2025 թվականի վերջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում