Մոսկվայում աճուրդի է հանվել «Բեռլին» հյուրանոցը. որքա՞ն է մեկնարկային գին

1 Min Read

Մոսկվայում աճուրդի է հանվել «Բեռլին» հյուրանոցը, որը գտնվում է «Սևաստոպոլսկայա» մետրոյի հարևանությամբ՝ Սերպուխովսկո-Տիմիրյազևյան գծի վրա։ Մեկնարկային գինը կազմում է 5.5 միլիարդ ռուբլի։ Ինչպես հաղորդվում է Մոսկվայի ներդրումային պորտալում, նախատեսվում է այդ տարածքում կառուցել խոշոր հասարակական-բնակելի համալիր։

Տեղեկատվության համաձայն, ակտիվը ներկայացված է որպես երկու մասնաշենքերից կազմված հյուրանոցային համալիր՝ մոտ 62 հազար քառակուսի մետր մակերեսով, որը գտնվում է Մալայա Յուշունսկայա փողոցում։ Այն վաճառվելու է «Սպորտի կազմակերպման կենտրոն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 100% վաճառքի միջոցով։ Ընկերության հիմնադիրն է «Բժշկական կենտրոն» ԲԲԸ-ն, որը պատկանում է Մոսկվայի քաղաքապետարանին՝ քաղաքային գույքի վարչության միջոցով։

«Բեռլին» հյուրանոցային համալիրը զբաղեցնում է 3 հեկտար տարածք։ Այդ հարթակում հաստատված է 185 հազար քառակուսի մետր անշարժ գույքի կառուցում, որից՝

  • 64.7 հազար քմ կզբաղեցնեն հասարակական և վարչական օբյեկտները,

  • 40.7 հազար քմ՝ բնակարանները,

  • 31.5 հազար քմ՝ գրասենյակները,

  • 48.1 հազար քմ էլ նախատեսված է հյուրանոցի համար։

Համալիրի առավելագույն բարձրությունը կազմելու է 237 մետր, նշվում է փաստաթղթերում։

Հայտերի ընդունումը տևելու է մինչև հուլիսի 3-ը, իսկ արդյունքները կամփոփվեն հուլիսի 15-ին։

Համալիրը Մալայա Յուշունսկայա փողոցում սկսել են կառուցել դեռ 1980-ականներին, սակայն այն ավարտվել է միայն 2000 թվականին։ 2014 թվականին այնտեղ իրականացվել է կապիտալ վերանորոգում, իսկ 2016 թվականին արդեն տեղեկություն կար հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրերի մասին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով