Wildberries և Russ միավորված ընկերությունը բացահայտել է օգտատերերի խաբեության նոր սխեմա. խարդախները օգտատերերին ուղարկում են վնասաբեր ֆայլեր, որպեսզի սմարթֆոններում տեղադրեն հեռակառավարման ծրագիր։ Այս մասին հաղորդել են ТАСС-ին՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Wildberries-ի և Russ-ի անվտանգության թիմը բացահայտել է բազմաշերտ խարդախ սխեմա՝ վնասակար կցորդների միջոցով։ Խարդախների հիմնական նպատակը հաճախորդի սմարթֆոնում ծրագիր տեղադրելն է, որը թույլ է տալիս հեռակա հասանելություն ապահովել սարքին», – հայտնել են ընկերությունից։
Մասնագետների հայտնաբերած սխեման հետևյալն էր՝ խարդախները մեսենջերների միջոցով օգտատերերին ուղարկում էին ֆայլեր, որոնք ներկայացվում էին որպես արխիվ լուսանկարներով (օրինակ՝ «Նայիր, էս դու ես նկարում» մակագրությամբ)։ Սակայն այդ արխիվում վնասաբեր ծրագիր էր թաքնված։ Ծրագրի տեղադրումից հետո խարդախները լիակատար վերահսկողություն էին ստանում օգտատիրոջ հեռախոսի վրա։
Արդյունքում՝ խարդախները, օգտագործելով այդ սարքը, մուտք էին գործում օգտատիրոջ հաշվին և գնումներ կատարում մարկետփլեյսում։ Ըստ միավորված ընկերության՝ 2025 թվականի առաջին եռամսյակում նման հարձակումների քանակը զգալիորեն աճել է, սակայն հարթակի պաշտպանության համակարգի շնորհիվ վնասը հասցվել է զրոյի։
Wildberries-ը կարողացել է կանխել խարդախությունները՝ իր երկու փուլից բաղկացած պաշտպանության համակարգի շնորհիվ։ Առաջին փուլում օգտատերերի գործողությունները վերլուծվում են արհեստական բանականության գործիքներով, և կասկածելի ակտիվության դեպքում դրանք արգելափակվում են։ Ավելի բարդ դեպքերում գործին միանում են ընկերության փորձագետները։ Արդյունքում՝ խարդախների կողմից իրականացված գնումների 99.9%-ը չեղարկվել է, իսկ ավելի քան 15 միլիոն ռուբլու հափշտակման փորձերը՝ կանխվել։
«Չնայած այն բանին, որ Wildberries-ն օգտագործում է բազմաշերտ պաշտպանական համակարգ, լիարժեք անվտանգություն հնարավոր է ապահովել միայն համագործակցությամբ․ հարթակն ապահով է, սակայն օգտատիրոջ համար կարևոր է զգոն լինել՝ չտեղադրել անծանոթ ֆայլեր և ուշադիր ստուգել ստացված կցորդները», – ընդգծել է Wildberries և Russ միավորված ընկերության Trust & Safety բաժնի ղեկավար Իգոր Սոմովը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում