Նյու Յորքի դատախազությունը պահանջել է 78-ից մինչև 97 ամիս ազատազրկում Աբրահամ Այզենբերգի համար։ 2022 թվականին նա դուրս էր բերել $110 միլիոն Mango Markets անունով DeFi հարթակից՝ չկոտրելով կոդը, այլ օգտվելով պրոտոկոլի տնտեսական տրամաբանության խոցելիությունից։
Այզենբերգը ֆյուչերսային գործարքներ էր կատարում MNGO թոքենի վրա՝ օգտագործելով իր կողմից կառավարվող երկու հաշիվ։ Նա վաճառք էր իրականացնում մեկ հաշվից և գնում՝ մյուսով, ստեղծելով արհեստական առևտրային ակտիվություն և բարձրացնելով թոքենի գինը։ Բարձրացված գինը մեծացրել էր նրա դիրքի արժեքը, որը նա օգտագործել էր որպես գրավ՝ այլ կրիպտոարժույթներով վարկեր ստանալու համար Mango Markets-ում։ Ստացած միջոցներն էլ նա դուրս էր բերել հարթակից։
Նա միջոցների դուրսբերումից անմիջապես հետո՝ 2022 թվականի հոկտեմբերին, բացահայտ գրել էր սոցիալական ցանցերում իր գործողությունների մասին՝ պնդելով, որ դրանք օրինական էին և ներկայացնում էին «բարձր եկամտաբեր առևտրային ռազմավարություն» (highly profitable trading strategy): Այս արտահայտությունը դարձել է մեմ կրիպտոհամայնքում։
Ավելի ուշ նա կամավոր կերպով վերադարձրել էր $67 միլիոն, իսկ մնացած $47 միլիոնը պահել էր իր մոտ։ Այժմ հարթակը դատարանով փորձում է վերադարձնել այդ միջոցներն էլ։
Դատախազությունը պնդում է, որ Այզենբերգը գիտակցել է իր գործողությունների անօրինական լինելը․ միջադեպից անմիջապես հետո նա լքել էր երկիրը և վերադարձել միայն այն ժամանակ, երբ սկսել էին նրան բացահայտ կապել հարձակման հետ և փորձեր էին արվում համաձայնության գալ Mango DAO-ի հետ։ Դատական նիստը նշանակված է մայիսի 1-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում