Ապրիլի 25-ին կմեկնարկի CAREER CITY FEST 2K25 լավագույն գործատուների փառատոնը

2 Min Read

Ապրիլի 25-ին Մերիդիան Էքսպո Կենտրոնում կմեկնարկի Career City Fest լավագույն գործատուների փառատոնը՝ «Բրենդի ուժը․ արժեքներ, թիմ, արտադրանք» խորագրի ներքո։

Միջազգային հեղինակավոր Eventex Awards-ի կրկնակի ոսկե մրցանակակիր փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ՝ մեկ հարթակում համախմբելով տասնյակ գործատուների, բանախոսների և հազարավոր այցելուների։

Փառատոնի պաշտոնական բացումը կանցկացվի ապրիլի 25-ին, 12:00` մասնակից ընկերությունների և փողային նվագախմբի կորպորատիվ շքերթով, որից հետո փառատոնի հիմնական բեմում այցելուներին և մասնակից ընկերություններին կողջունի փառատոնի կազմակերպիչ՝ Skill Event Marketing ընկերության հիմնադիր՝ Սերգեյ Ուսնունցը՝ շնորհակալություն հայտնելու բոլոր այցելուներին և գործընկերներին։

Ներկաներին կողջունի նաև փառատոնի նոր քաղաքապետը և բեմում նրան կփոխանցվի կարիերայի քաղաքի բանալին։ 2023 թվականից կարիերայի քաղաքի  քաղաքապետն էր «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արամ Փախչանյանը, իսկ այս տարի այդ դերը կստանձնի ծանրամարտի եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն՝ Նազիկ Ավդալյանը։ 

Փառատոնի այցելուներին իր ողջույնի վիդեո ուղերձը կհղի նաև LinkdeIn-ի համահիմնադիր, ամերիկացի գործարար և ներդրող Ռիդ Հոֆֆմանի թվային նմանակը։

Փառատոնի պաշտոնական բացմանը կհաջորդի World’s Top Speakers in Armenia փակ միջոցառումը, որի շրջանակում ելույթ կունենա գործատուի բրենդինգի ոլորտում առաջատար միջազգային փորձագետ Ռիչարդ Մոսլին՝ «Մարդկանցից դեպի եկամուտ․ Ինչպես է գործատուի բրենդը նպաստում բիզնեսի աճին» թեմայով։

Փառատոնը փորձի փոխանակման եզակի հարթակ է բոլոր այն ընկերությունների և մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են աշխատաշուկայի ապագայով․

փոքր ընկերություններից մինչև առաջատար միջազգային ընկերություններ, դպրոցականներից մինչև ղեկավարներ և գործարարներ։

Գործատուների ցուցահանդեսից և կոնֆերանսներից բացի, փառատոնին սպասվում են գործատուների եզակի EVP Show, պրոֆեսիոնալ բանավեճեր՝ CCF Battles, քվեարկություն ամենատպավորիչ ընկերությունների օգտին՝ CCF Awards, թեմատիկ միջոցառումներ՝ Newmag Fair CCF edition, Ռուբեն Եսայանի նոր գրքի մասին պանելային քննարկում, ինչպես նաև բազմաթիվ ինտերակտիվ գոտիներ, նվերներ ու անակնկալներ։


***

Փառատոնի կազմակերպիչը Skill Event Marketing ընկերութունն է, որը իրադարձային մարքեթինգի ամբողջական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է Հայաստանում՝ հայտնի իր ոգեշնչող միջոցառումներով։

2016 թվականից ընկերությունը կազմակերպել է ավելի քան 600 միջոցառում և ստացել միջազգային ճանաչում։ 2024 թվականին Skill-ն ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն գործակալությունների ցանկում, իսկ Career City Fest-ն արժանացել է Eventex Awards-ի երկու ոսկե մրցանակների։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով