Երբեմն սմարթֆոնի վրա ներբեռնված հավելվածները կարող են աննկատ կերպով գումարներ հանել օգտատիրոջ հաշվից։ Դրանք կարող են լինել ինչպես բանկային քարտերից տվյալներ գողացող վիրուսներ, այնպես էլ անվճար ներկայացվող հավելվածներ, պատմել է «Պրայմ» գործակալությանը Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի արհեստական բանականության, նեյրոտեխնոլոգիաների և բիզնես վերլուծության լաբորատորիայի աշխատակից Մարինա Խոլոդը։
Նրա խոսքով՝ նման հավելվածները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի՝ կախված դրանց գործելակերպից։
«Նախևառաջ, դրանք վնասակար հավելվածներն են (վիրուսներ, տրոյականներ) և ագրեսիվ գովազդով ծրագրերը, որոնք քողարկվում են օգտակար հավելվածների տեսքով՝ մաքրիչներ, արագացուցիչներ, խաղեր։ Դրանք կարող են բաժանորդագրել օգտատիրոջը վճարովի ծառայությունների կամ գողանալ բանկային քարտերի տվյալները։ Օրինակ՝ FakeBank, Joker, HiddenAds», — նշել է Խոլոդը։
Փորձագետի խոսքով՝ մյուս հավելվածները նմանակում են հայտնի բանկերի ինտերֆեյսը։ Եթե անուշադիր օգտատերը մուտքագրում է իր ինտերնետ-բանկինգի մուտքանունը և գաղտնաբառը, ապա հաշիվից նույնպես կարող է գումար հանվել։
Վերջապես, կան նաև բաժանորդագրությամբ հավելվածներ՝ լուսանկարների խմբագրիչներ, ֆիթնես մարզիչներ, քայլաչափեր և այլն։ Դրանք ներկայանում են որպես անվճար, սակայն փորձնական ժամանակաշրջանի ավարտից հետո սկսում են գումար հանել՝ հույս ունենալով, որ օգտատերը դա չի նկատի, եզրափակել է Խոլոդը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում