Եթե դաշնային դատարանը որոշի բաժանել Google ընկերության բիզնեսը, OpenAI-ն հետաքրքրված կլինի գնել Chrome դիտարկիչը։ Այս մասին հայտնել է ChatGPT-ի ղեկավարը դատարանի նիստի ժամանակ երեքշաբթի օրը։
«Այո, մենք կանեինք դա, ինչպես շատ այլ ընկերություններ», — պատասխանել է ChatGPT-ի ղեկավար Նիկ Թերլին այն հարցին, թե արդյոք ընկերությունը կցանկանա գնել Google-ի դիտարկիչը։
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատարան է հրավիրել Թերլիին՝ վկայություն տալու երեքշաբաթյա դատավարության շրջանակում, որի նպատակը որոշելն է՝ ինչ փոփոխություններ պետք է իրականացնի Google-ը իր բիզնեսում։ Անցյալ տարի դաշնային դատավորը որոշեց, որ ընկերությունը մենաշնորհել է առցանց որոնման շուկան, իսկ դատավոր Ամիթ Մեհտան պետք է օգոստոսին որոշի, թե ինչ գործելակերպից պետք է հրաժարվի Google-ը։
Արդարադատության նախարարության առաջարկվող միջոցառումները ներառում են Google-ին Chrome դիտարկիչը վաճառելու պարտադրելը, որոնման տվյալների փոխանցումը մրցակիցներին և վճարովի պայմանագրերից հրաժարումը, որոնք ընկերությանը ապահովում են բացառիկություն հավելվածներում և սարքերում։ Google-ը հայտարարում է, որ կառավարության այս առաջարկը կվնասի սպառողներին՝ վատացնելով Google-ի առօրյա ծառայությունների որակը և կխաթարի ԱՄՆ-ի տեխնոլոգիական գերազանցությունը։
Եթե դատարանը պարտադրի Google-ին վաճառել իր հայտնի դիտարկիչը, դա կլինի առաջին դեպքը, երբ դատարանը կբաժանի մեծ ամերիկյան ընկերություն 1980-ականներին AT&T-ի բաժանումից ի վեր, գրում է Bloomberg-ը։
Ներկայումս OpenAI-ի ChatGPT չաթբոթը ունի ընդլայնում Google Chrome դիտարկչի համար, որը օգտատերերը կարող են ներբեռնել։ Սակայն Chrome-ի ավելի խորը ինտեգրումը OpenAI-ի հետ թույլ կտա ստեղծել ավելի որակյալ արտադրանք, նշել է Թերլին։
ChatGPT-ն, որն գործարկվել է 2022 թվականի նոյեմբերին, դարձել է պատմության մեջ ամենաարագ աճող սպառողական ծրագրային արտադրանքներից մեկը։ Փետրվարին OpenAI-ն հայտնել է, որ շաբաթական ավելի քան 400 միլիոն ակտիվ օգտատեր է օգտագործում իր արտադրանքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում