Իշխող «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը բնակչությանը խոստացել է, որ երկիրն ավելի պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը, քան մյուս թեկնածու պետությունները, ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
«Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական բյուրոկրատիան դեռևս զբաղված է Վրաստանին շանտաժի ենթարկելով և ոչ ժողովրդավարական ուժերին իշխանության վերադարձնելու փորձերով, մենք խոստանում ենք հասարակությանը, որ մեր քաղաքական թիմը արժանապատվորեն կհաղթահարի բոլոր մարտահրավերները, և Վրաստանը 2030 թվականին հայտարարված ԵՄ ընդլայնմանը կդիմավորի որպես բոլոր թեկնածու երկրներից ամենապատրաստվածը», — ասվում է կուսակցության հիմնադրման 13-ամյակի կապակցությամբ հայտարարության մեջ։
«Վրացական երազանքը» նաև հույս է հայտնում, որ այդ ժամանակ «այսօրվա Բրյուսելի բյուրոկրատիան կփոխարինվի արժանապատիվ, անկախ էլիտայով, որը կողմնորոշված կլինի դեպի Եվրոպական Միության և Եվրոպայի ապագան»։
Իր հայտարարության մեջ իշխող կուսակցությունը նշում է, որ Վրաստանն այսօր «անկախ և ինքնիշխան է, ինչպես երբեք», և ոչ ոք չի կարող ստիպել նրա ղեկավարությանը քայլեր ձեռնարկել երկրի շահերի դեմ։
«Վրացական երազանքի» իշխանությունները գործում են Վրաստանի ազգային շահերի թելադրանքով և երբեք թույլ չեն տա զիջումներ այդ շահերի հաշվին», — ասվում է հայտարարության մեջ։
Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացավ 2023 թվականի վերջին, սակայն երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ զգալիորեն վատթարացան 2024 թվականին, այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենք՝ չնայած զանգվածային բողոքի ցույցերին և Արևմուտքի ճնշումներին։
Նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրն իր հերթին սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների մեկնարկի գործընթացը։
Միաժամանակ, վրացական իշխանությունները նշում են, որ իրենք բաց են մնում ինտեգրացիոն գործընթացը վերսկսելու համար, եթե ԵՄ-ն ձեռնարկի համապատասխան քայլեր և դադարի շանտաժի ենթարկել երկրի իշխանություններին Եվրամիության թեմայով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում