Ուկրաինան Ճապոնիայից կստանա 3 միլիարդ դոլարի վարկ, որը կսպասարկվի և կմարվի սառեցված ռուսական ակտիվներից ստացվելիք եկամուտներից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։
Նշվում է, որ այսօր Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն և Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան Մասաշի Նակագոմեն համաձայնագիրը ստորագրել են նոտաների փոխանակման տեսքով։ Այն նախատեսում է Ուկրաինային մինչև 471,9 միլիարդ ճապոնական իենի (մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար) չափով վարկի տրամադրում։
«Միջոցները G7 երկրների Ուկրաինայի համար ERA մեխանիզմի մաս են կազմում, որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 50 միլիարդ ԱՄՆ դոլար։ Վարկը կսպասարկվի և կմարվի անշարժացված ռուսական պետական ակտիվներից ապագա եկամուտների միջոցով», — ասվում է հայտարարության մեջ։
Ֆինանսավորումը տրամադրվում է 30 տարի ժամկետով։ Հավաքված միջոցները կօգտագործվեն բյուջետային առաջնահերթ կարիքները հոգալու և Ուկրաինայի վերականգնումն ու զարգացումը խթանելու համար։
Ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Ճապոնիան արդեն իսկ Ուկրաինային տրամադրել է ավելի քան 8,5 միլիարդ դոլարի բյուջետային աջակցություն։ Այս միջոցները դարձել են կարևորագույն նշանակություն երկրի տնտեսական և ֆինանսական կայունության պահպանման համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում