Գերմանական ձեռնարկությունների մեկ քառորդը պլանավորում է կրճատել աշխատակիցներին՝ էներգակիրների գների աճի ֆոնին։ Այս հանգամանքը երևում է Stiftung Familienunternehmen-ի (Ընտանեկան բիզնեսի հիմնադրամ) հետազոտությունից:
Ընդ որում, այս տարվա ապրիլին անցկացված նախորդ հետազոտության մեջ հարցված ձեռնարկությունների միայն 14%-ն էր նախատեսում կրճատումներ։
Հիմնադրամը գրում է, որ հետազոտված ընկերությունների 25%-ի համար աշխատատեղերի կրճատումը էներգակիրների գների աճին հակազդելու միջոց է:
Կազմակերպության տվյալներով՝ Գերմանիայում ընտանեկան բիզնեսները մեծապես տուժել են ճգնաժամից և գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումից։ Նրանք ստիպված են հետաձգել նախապես ծրագրված նախագծերը և նույնիսկ մասամբ դադարեցնել կամ տեղափոխել արտադրությունը։Հարցումից երևում է նաև, որ հարցված ձեռնարկությունների 9%-ը մտադիր է արտադրությունը տեղափոխել արտերկիր։
Բացի այդ, ընկերությունների 90%-ը նախատեսում է բարձրացնել կամ արդեն բարձրացրել են իրենց արտադրանքի գները։
Հարցումն իրականացվել է Ifo Institute for Economic Research-ի կողմից սեպտեմբերին՝ Familienunternehmen հիմնադրամի պատվերով: Դրան մասնակցել է 1060 ձեռնարկություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում