Դոնալդ Թրամփի որդիների հետ կապված World Liberty Financial կրիպտոնախագիծը 25 միլիոն դոլարի ներդրում է ստացել DWF Labs մարքեթմեյքերից։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ այդ միջոցները կուղղվեն USD1 ստեյբլքոինի լիկվիդայնության ապահովմանն ու նախագծի ենթակառուցվածքների զարգացմանը։
DWF Labs-ը նաև բացել է գրասենյակ Նյու Յորքում և հայտարարել է ԱՄՆ-ի ինստիտուցիոնալ ներդրողների ու կարգավորող մարմինների հետ ավելի ակտիվ համագործակցության մտադրության մասին։ Ընկերությունը ԱՄՆ-ն դիտարկում է որպես կրիպտոարդյունաբերության աճի հիմնական շուկա։
USD1-ը ներկայացվում է որպես ինստիտուցիոնալ մակարդակի ստեյբլքոին, որը ապահովված է ԱՄՆ գանձապետարանի կարճաժամկետ պարտատոմսերով, արժույթով և համարժեքներով։ DWF Labs-ը նշել է, որ ապահովելու է USD1-ի լիկվիդայնությունը թե՛ կենտրոնացված, թե՛ դեցենտրալացված բորսաներում։
World Liberty Financial նախագիծը DWF Labs-ը անվանել է իր գործընկեր։ Նախագծի համահիմնադիր Զաք Ֆոլքմանը նշել է, որ մարքեթմեյքերի մասնակցությունը կաջակցի «հաջորդ սերնդի ենթակառուցվածքի» արագ ներդրմանը։
Հիշեցնենք, որ մարտին WLFI-ն ավարտել էր 590 միլիոն դոլար արժողությամբ թոքենսեյլը՝ դառնալով կրիպտոհիմնադրամների պատմության ամենամեծերից մեկը։ Նախագիծը դեռ չի գործարկել խոստացված DeFi հարթակը, սակայն հայտնի է խոշոր կրիպտոգնումներով։ Այն ակտիվորեն գովազդվում է Թրամփի որդիների՝ Դոնալդ կրտսերի, Էրիկի և Բերոնի կողմից, որոնք ներկայացված են որպես web3 դեսպաններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում