Բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Բյուջեն յուրաքանչյուր երկրի կարևոր ֆինանսական փաստաթուղթն է։ Բյուջեի համալրումը և ծախսումն արդյունավետորեն կազմակերպելը  ոչ միշտ է հաջողվում։

Բյուջեի համալրման և ծախսման գործընթացներում ոչ թափանցիկ սխեմաների կիրառումը կարող է վտանգել երկրի տնտեսությունը։ Աշխարհում կան բազմաթիվ պետություններ, որտեղ երկրի բյուջեն հիմնականում հանդիսանում է կառավարող էլիտաների գումարների պահպանման անձնական պահոցը։ Այսինքն, բյուջեն համալրում են քաղաքացիները,  ծախսում` էլիտաները։

Բյուջեի եկամուտների երկու խոշոր հոդվածներն են եկամտահարկը և շահութահարկը։ Այս երկուսի դրույքաչափերի ճշգրիտ սահմանումը, որը կարտահայտի տնտեսության ներկայիս վիճակը, ևս բարդ խնդիր է, ինչը պահանջում է հանգամանալից ուսումնասիրություն։ Շատ են լինում դեպքեր, երբ բյուջեի ծախսերը գերազանցում են եկամուտները` ձևավորելով բյուջեի պակասուրդը, որի հարաբերակցությունը ՀՆԱ-ին ևս մեկ առանցքային ցուցանիշ է։

Բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է մշտապես պահել ուշադրության կենտրոնում։ 


Անկումներ` տնտեսական մի շարք առանցքային ցուցանիշների մասով. փետրվարը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Ուսումնասիրենք Հարավային Կովկասի երեք հանրապետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի եկամտահարկի, շահութահարկի դրույքների և բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության մակարդակները․

Վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ թե՛ եկամտահարկի, թե՛ շահութահարկի առավելագույն դրույքներ՝ համապատասխանաբար 25% և 20%, ունի Ադրբեջանը։ Երկիր, որն ունի հսկայական ռեսուրսներ և պետք է որ բյուջեի եկամուտների հավաքագրման ավելի մեծ աղբյուրներ ունենար` փոխարենը հնարավորինս թուլացնելով հարկային ծանրաբեռնվածությունը երկրի քաղաքացիների վրա։

Նկատենք, որ նույնիսկ ամենաբարձր դրույքների և նավթադոլարների պարագայում Ադրբեջանի բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ․ կազմել է -1․5%՝ 2023թ․ համեմատ խորանալով 0․8 տոկոսային կետով։


Ռուսաստանում նավթի և գազի բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում նվազել են մինչև 2,64 տրլն ռուբլի


Շահութահարկի նվազագույն` 15% և եկամտահարկի 20% դրույքներով փորձում է համալրել բյուջեն Վրաստանը։ Վերջինս վառելիքաէներգետիկ ռեսուրսներով հարուստ չէ, սակայն ունի ծով։ Նույնիսկ այս դրական կողմերով հանդերձ` Վրաստանում 2024թ արձանագրվել է Հարավային Կովկասում ամենամեծ բյուջեի պակասուրդ/ ՀՆԱ մակարդակը՝ -2․95%։ Վերջինս 2023թ․ համեմատ խորացել է 0․5 տոկոսային կետով։

Հայաստանում շահութահարկի դրույքը կազմում է 18%, իսկ եկամտահարկի դրույքը՝ 20%։ 2024թ․ Հայաստանի բյուջեի պակասուրդ/ ՀՆԱ հարաբերակցության մակարդակը կազմել է -1․9%։ Այստեղ չենք կարող չնշել, որ, ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի, մեր երկրում 2024թ․ բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը չի խորացել, այլ ընդհակառակը 2023թ․ համեմատ կրճատվել է 0․4 տոկոսային կետով։ Այս ամենն այն պարագայում, երբ Հայաստանի ռեսուրսները խիստ սահմանափակ են տարածաշրջանի մյուս պետությունների համեմատ։

  • Ամփոփելով` հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության կրճատումը կարող է կարճաժամկետ երևույթ լինել, իսկ երկարաժամկետում իր բացասական հետևանքները ցույց կտա Հայաստանում ներկայումս իրականացվող հարկային «ռեկետը»։ Վերոնշյալ բացասական հետևանքներն անուղղակի կերպով բերելու են հակառակ գործընթացի՝ նպասելով բյուջեի եկամուտների նվազմանը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով