Էկոակտիվիստները կարտոֆիլի պյուրե են լցրել Կլոդ Մոնեի նկարի վրա

1 Min Read

Letzte Generation («Վերջին սերունդ») կազմակերպության էկոակտիվիստները կարտոֆիլի պյուրե են լցրել ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի կտավի վրա: Այս մասին ակտիվիստները հայտնել են Twitter-ում։

Պոտսդամի Բարբերինիի թանգարանում ցուցադրված «Խոտի դեզեր» շարքից մեկ կտավ վնասվել է։ Պյուրեն նկարի վրա լցնելուց հետո էկոակտիվիստներն իրենց ափերը կպցրել են դրա տակ գտնվող պատին։ Ըստ The New York Times-ի՝ նկարի արժեքը գերազանցում է 110 միլիոն դոլարը:

«Մարդիկ սովամահ են լինում, սառչում են, մահանում են, մենք գտնվում ենք կլիմայական աղետի մեջ, և այն ամենը, ինչից դուք վախենում եք, դա լոլիկի ապուրը կամ կարտոֆիլի պյուրեն նկարների վրա լցնելն է»,- վանկարկել են ակցիայի մասնակիցները։

Երկու ակտիվիստն արդեն բերման են ենթարկվել, նրանք կասկածվում են շենք ապօրինի մուտք գործելու և գույքին վնաս պատճառելու մեջ։

Ավելի վաղ Just Stop Oil կազմակերպության բնապահպան ակտիվիստները լոլիկի ապուր էին լցրել Վան Գոգի «Արևածաղիկներ» նկարի վրա, որը գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։

Share This Article
4 Comments