ByteDance Ltd.-ի եկամուտը 2024 թվականին աճել է 29%-ով՝ հասնելով 155 միլիարդ դոլարի` շնորհիվ TikTok օնլայն-վիդեոհարթակի գլոբալ հաջողության, որը օգնել է փոխհատուցել Չինաստանի տնտեսության դանդաղումը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
TikTok-ի տպավորիչ աճը հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պահանջեց, որ հարթակը կամ գտնի նոր սեփականատեր կամ լքի իր խոշորագույն`ԱՄՆ շուկան։ Թեև վերջնական որոշում դեռ չկա, Թրամփի վարչակազմը ընկերությանը տվել է երկրորդ՝ 75-օրյա ուշացում, որպեսզի ByteDance-ը կարողանա կնքել բաժանման վերաբերյալ գործարք։
2025 թվականին ByteDance-ի առջև ամենաբարդ խնդիրներից է ԱՄՆ-ի հետ գործարք կնքելն այնպես, որ այն բավարարի և՛ Վաշինգտոնին, և՛ Պեկինին։
Bloomberg-ի տվյալներով՝ Amazon.com Inc.-ը դարձել է վերջին խոշոր ընկերությունը, որը դիմել է Սպիտակ տանը՝ TikTok-ի ամերիկյան բիզնեսը գնելու համար։ Հարթակի բիզնեսը մի ժամանակ գնահատվում էր 60 միլիարդ դոլար։
Նշվում է նաև, որ ավելի քիչ հայտնի AppLovin Corp.-ը ևս փորձում է աջակցություն ստանալ՝ իր սեփական հայտով TikTok-ը ձեռք բերելու համար։ Այս երկու ընկերությունները միացել են արդեն իսկ բազմազան ցանկին այն ընկերությունների, որոնք դիտարկվում են որպես ByteDance-ի ամերիկյան ստորաբաժանման հնարավոր գնորդներ։
Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի սրացումը կարող է խոչընդոտել գործարքը։ Վաշինգտոնը դիտարկում է TikTok-ը որպես բանակցային գործիք՝ Չինաստանի հետ ավելի շահավետ պայմաններով առևտրային համաձայնության հասնելու համար։ Միևնույն ժամանակ, Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը կարող է վնաս հասցնել TikTok-ի զարգացող էլեկտրոնային առևտրի բիզնեսին ԱՄՆ-ում, որը մեծապես կախված է սահմանամերձ վաճառողներից։
ByteDance-ի խոշորագույն ներդրողներից մի քանիսը գնահատում են ընկերությունը ավելի քան 400 միլիարդ դոլար, մինչդեռ հենց ByteDance-ը նախատեսում է աշխատակիցներից բաժնետոմսեր գնել՝ այն գնահատելով 312 միլիարդ դոլարով։ Երկու թիվն էլ զգալի աճ են գրանցել նախորդ տարվա համեմատ՝ չինական տեխնոլոգիական սեկտորի վերագնահատման ֆոնին՝ DeepSeek-ի օրինակի ազդեցությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում