Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա մայիսը ավարտել պետական ոլորտի աշխատողների համար նոր աշխատավարձային համակարգի մշակումը։ Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը։ Տարեկան կոլեգիայի ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է պետական աշխատողների աշխատավարձային համակարգի բարեփոխման առաջիկա փորձարկման մասին։ Համակարգը փորձարկվելու է մի շարք մարզերում՝ որպես փորձնական նախագիծ։
Փորձնական ծրագրին կմասնակցեն Ուդմուրտիայի, Վլադիմիրի և Սախալինի մարզերի ուսուցիչները, ինչպես նաև Սախայի (Յակուտիա), Կուրգանի և Լիպեցկի մարզերի բուժաշխատողները։
Թեև իշխանությունները դեռ չեն բացահայտում նոր համակարգի մանրամասները, սակայն հայտնի է, որ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի համաձայն՝ բժիշկների աշխատավարձերի կառուցվածքում հիմնական դրույքաչափը պետք է կազմի առնվազն 50%։ Սա անհրաժեշտ է նրանց եկամուտների կայունությունն ապահովելու համար։
Բարեփոխման շուրջ քննարկումները շարունակվում են արդեն չորս տարի։ 2021 թվականին Աշխատանքի և Առողջապահության նախարարությունները ներկայացրել էին բուժաշխատողների աշխատավարձերի փոփոխության նախագիծ, սակայն այն համաձայնեցված չէր Ֆինանսների նախարարության հետ՝ բյուջետային ծախսերի հնարավոր ավելացման պատճառով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում