Ապրիլի 10-ին Գրանթ Թորթնոն Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մասնագիտական ֆորում՝ «Կայունություն և կլիմայական ռիսկեր. ֆորում-քննարկում բանկերի համար» խորագրով, որտեղ հրավիրված հատուկ խոսնակն էր Գրանթ Թորնթոն Կիպրոսի գրասենյակի ռիսկերի խորհրդատվության բաժնի ղեկավար Անդրեաս Սպիրիդեսը:
Միջոցառումը մեկ հարթակում համախմբեց ոլորտի կարգավորող մարմինների, տեղական բանկերի, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների և փորձագետների՝ քննարկելու ֆինանսաբանկային համակարգի համար առաջնահերթ դարձած կայունության և կլիմայական ռիսկերի ներուժը, մարտահրավերներն ու լուծումները։
Բացման խոսքով հանդես եկան Գրանթ Թորթնոն Հայաստանի գործընկեր Ազատ Մանուկյանը և Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Ռուբեն Մելիքյանը։ Նրանց ելույթներից հետո, Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը ներկայացրեց ԿԲ պահանջները և կարգավորող մոտեցումները կայունության և կլիմայական ռիսկերին առնչվող համատեքստում։
Միջոցառման հիմնական օրակարգում ընդգրկված էին՝
- Ֆինանսաբանկային ոլորտում կայունությանն առնչվող պահանջներ (Ազատ Մանուկյան)
- Կլիմայական ռիսկեր․ հայտնաբերում և հաշվարկ՝ Եվրոպական Կենտրոնական Բանկի փորձի օրինակով (Անդրեաս Սպիրիդես, Գրանթ Թորնթոն Կիպրոս)
- Կլիմայական ռիսկերն՝ ինտեգրված բանկային ընթացակարգերում (Անդրեաս Սպիրիդես)
Ֆորումի կարևոր բաղադրիչներից էր պանելային քննարկումը՝ «ԲՍԿ (ESG) և կայունություն ֆինանսաբանկային ոլորտում» թեմայով, որը վարեց Ազատ Մանուկյանը։ Քննարկման մասնակիցներն էին՝
- Աշոտ Պետրոսյան, ՀՀ կենտրոնական բանկ
- Աննա Խաչատրյան, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցչություն Հայաստանում
- Ելենա Խաչվանքյան, Ասիական զարգացման բանկ (անկախ խորհրդատու)
- Էրիկ Բյոտթխեր, Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ
Քննարկումները շոշափեցին ֆինանսական հաստատությունների համար առավել հրատապ թեմաները՝ կարգավորող դաշտի փոփոխություններ, ԲՍԿ (ESG) գործիքակազմի կիրառման գործնական քայլեր, ինչպես նաև տեխնիկական աջակցության հնարավորությունները՝ կայունության նպատակների իրագործման ճանապարհին։
Գրանթ Թորթնոն Հայաստանը վստահ է, որ նման ձևաչափով մասնագիտական հարթակները կարևոր նշանակություն ունեն ոլորտում գիտելիքի, փորձի և միջազգային մոտեցումների տարածման գործում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում