Պեկինը 2025 թվականի ապրիլի 10-ից 50%-ով բարձրացնում է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, և դրանք ընդհանուր առմամբ կհասնեն 84 տոկոսի։ Փորձագետների կարծիքով՝ այս որոշումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի վրա։
Ինչպես հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, մաքսատուրքերը բարձրացվում են 34%-ից մինչև 84%։
«ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքի չափը կբարձրացվի 34 տոկոսից մինչև 84 տոկոս», — նշվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, Չինաստանը հայտարարել է նաև ևս 12 ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության սահմանման մասին։ Եվս վեց ամերիկյան ընկերություններ կներառվեն «անվստահելի սուբյեկտների» ցանկում (այդ ցուցակի նկատմամբ գործում են բիզնեսի սահմանափակումներ՝ Չինաստանում կամ չինական ընկերությունների հետ)։
Մաքսատուրքերի պատմությունը
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մարտ ամսին սահմանեց 20% մաքսատուրք Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։ Ապրիլին նա սահմանեց ևս 34%-անոց լրացուցիչ մաքսատուրք։ Ի պատասխան՝ Չինաստանը նույնպես սահմանեց լրացուցիչ 34%-անոց մաքսատուրք։
Ապրիլի 8-ին, Չինաստանից զիջումներ չստանալով, ԱՄՆ նախագահը հայտարարեց չինական ներմուծման մաքսատուրքերը ևս 50%-ով բարձրացնելու մասին։ Արդյունքում՝ մաքսատուրքերը ընդհանուր առմամբ հասան 104 տոկոսի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում