ԵՄ-ն փորձում է հետ չմնալ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերից. Bloomberg

1 Min Read

ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ-ից ներկրման վրա սահմանված 20% մաքսատուրքն արդեն ուժի մեջ է մտել, մինչդեռ եվրոպական բլոկը դեռ աշխատում է ԱՄՆ նախագահի նախորդ քայլերին հակազդելու ուղղությամբ։ Սպասվում է, որ ԵՄ անդամ պետություններն այսօր կընդունեն առաջին պատասխանական միջոցառումների փաթեթը՝ ամերիկյան պողպատի և ալյումինի մաքսատուրքերի դեմ։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, ցուցակը ներառում է ապրանքներ՝ ընդհանուր մոտ 22 միլիարդ եվրոյի արժողությամբ։ Քանի որ անդամ երկրների մեծ մասը աջակցում է ուժի դիրքից բանակցելու ռազմավարությանը, ակնկալվում է, որ նախաձեռնությունը կստանա անհրաժեշտ աջակցություն։

Եվրահանձնաժողովը նախատեսում է հաջորդ շաբաթվա սկզբին ներկայացնել հնարավոր հակաքայլերի ծրագիր՝ ի պատասխան նոր մաքսային սահմանափակումների, քանի որ բանակցային գործընկերներ գտնելը Վաշինգտոնում բարդացել է։ Ըստ լրատվական գործակալության՝ Եվրամիության հնարավոր թիրախ կարող է դառնալ ԱՄՆ ծառայությունների ոլորտը։

Թրամփը ապրիլի 2-ին հայտարարեց 185 պետությունների և տարածքների արտադրանքի վրա մաքսատուրքեր սահմանելու մասին։ Համընդհանուր 10%-անոց մաքսատուրքերը ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, իսկ անհատական՝ ապրիլի 9-ից։ Բացի դրանից, ԱՄՆ վարչակազմը ապրիլի 3-ից ներմուծվող բոլոր ավտոմեքենաների վրա սահմանել է 25% մաքսատուրք։

Թրամփը նաև ապրիլի 8-ին հայտարարել է, որ ներմուծվող արտադրանքի մաքսատուրքերը ամեն օր ԱՄՆ-ին բերում են 2 միլիարդ դոլար եկամուտ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ներկայումս բանակցում է ավելի քան 70 երկրների հետ, որոնք ցանկանում են արտահանել իրենց ապրանքները ԱՄՆ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով