Անկումներ` տնտեսական մի շարք առանցքային ցուցանիշների մասով. փետրվարը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

2025թ․ հունվար և փետրվար ամիսները նշանավորվել են մի շարք իրադարձություններով, որոնք վերաբերում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին իրավիճակին։ Հայաստանում մտահոգիչ է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների կրճատումը, որն արձանագրվել է վերջին մի քանի ամիսներին։

Մյուս կողմից, ԱՄՆ-աշխարհ առևտրային պատերազմն ազդեցություն է ունենալու համաշխարհային տնտեսության՝ այդ թվում Հայաստանի վրա։

Այս պայմաններում ՀՀ տնտեսությունն արձանագրել է հետևյալ արդյունքները․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏189,940 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏25,395 մլն:

2025թ․ փետրվարին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏443,503 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏276,089 մլն արդյունքները:

2025թ․ փետրվարին ՀՀ-ում արտադրվել է 867 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հունվարին կազմել է ֏284,532: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $528 մլն և $840 մլն:


Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են. փետրվարը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2025թ․ փետրվարին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․ փետրվարին և 2025թ․ հունվարին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ փետրվարին նախորդ տարվա փետրվարի  համեմատ կազմել է 1․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5․3%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2025թ․ փետրվարին 2024թ․ փետրվարի համեմատ կազմել է 26․6%, իսկ 2025թ․ հունվարի համեմատ՝ 0․6%-ով:

2025թ․ փետրվարին 2024թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 16․6%։ 2025թ-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 12․1%, իսկ նախորդ ամսվա համեմատ ծառայությունների ծավալի անկումը կազմել է 1․3%։

2025թ․ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 2․5%, իսկ հունվարի  համեմատ` 0․1%։
2025թ․ փետրվարին 2024թ․ փետրվարի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  4․1%-ով, իսկ 2025թ․ հունվարի համեմատ՝ 2․2%-ով։


Թրամփի մաքսատուրքերը բացել են նոր ռիսկային դարաշրջան համաշխարհային տնտեսության համար.Bloomberg


Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել են համապատասխանաբար 67․7%-ով և 55․2%-ով։ Մյուս կողմից 2025թ․ փետրվարին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալները աճել են 2․9%-ով, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են՝ 7․1%-ով ։

  • Ամփոփելով 2025թ փետրվարին արձանագրված արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2025թ․ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Բավականին ցածր ցուցանիշ է արձանագրվել առևտրաշրջանառության ծավալներում, ինչպես նաև զգալի անկումներ կան արտահանման և ներմուծման ծավալներում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով